Զարուհի Փոստանջյանն իր մուտքը խոչընդոտելու համար Վրաստանից պարզաբանում է պահանջում, իսկ մինչ այդ Վրաստանի դեմ բողոքներ է հղել ԵՄ պաշտոնյաներին (տեսանյութ)
Վրաստանը կոպտորեն խախտել է մարդու հիմնարար ազատությունները՝ չկատարելով Եվրոպայի առջև ստանձնած պարտավորությունները. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ վրաց սահմանապահները «Նինոծմինդա» սահմանային անցակետում 2018 թվականի հունվարի 21-ին արգելել էին Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան:
Զարուհի Փոստանջյանը պահանջում է պարզաբանում վրաց իշխանություններից, թե ինչու են արգելել իր մուտքը Վրաստան և այդ պահանջով դիմել է ՀՀ ԱԳՆ նախարարին, ՀՀ-ում Վրաստանի դեսպանին, Վրաստանում ՀՀ-ի դեսպանին:
Բացի այդ, քաղաքական գործիչը խախտված մի շարք հիմնարար իրավունքների և ազատությունների վերաբերյալ բողոքներ է ներկայացրել Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին:
«Անցակետում չցանկացան պարզաբանել, թե ինչու են իմ հիմնարար ազատությունները սահմանափակել։ Երբ սահմանափակվում են, դրանք պետք լինեն միայն ու միայն օրենքով սահմանված կարգով և ներկայացնեն խախտումը, որ ես թույլ եմ տվել: Մինչդեռ ինձ տրամադրած արձանագրությունում որևէ խախտում չի եղել»,-ասաց նա և նշեց, որ Վրաստանը ստանձնել է պարտավորություններ Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Միության իրավական նորմերի շրջանակներում և պարտավոր է կատարել ստանձնած առաքելությունները:
«Մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում՝ անկախ նրանից, թե որտեղ ես գնում, եթե խախտել են ստանձնած պարտավորությունները, պետք է պատասխանատվություն կրեն»,-ասաց նա:
Փոստանջյանը նշեց, թե տեղյակ չէ՝ ինքը Վրաստանի «սև ցուցակո՞ւմ է», թե ոչ, բայց նշեց, որ եթե Ադրբեջանը կարող է իրեն նման շռայլություններ թույլ տալ, ԵՄ անդամակցող և պարտավորություններ ստանձնած Վրաստանն այդ իրավունքը չունի:
Մինչ այդ Փոստանջյանը հիշեցրեց, որ իր կուսակցությունը պատկերացնում է ՀՀ-ի փոփոխությունները միմիայն համահայկական ընդվզման միջոցով:
«Համահայկական ընդվզումը պետք է ընդգրկի ոչ միայն ՀՀ տարածքը, այլ հայաշատ վայրերը ՀՀ-ից դուրս: Դա մեր ծրագրում կարևոր գործոն է, և հենց այդ պատճառով սկսեցինք իրացնել այդ ծրագիրը»,-ասաց նա և նշեց, որ առաջին փուլում եղել են Ստեփանակերտում, ՀՀ բոլոր մարզերում, այնուհետև՝ Ջավախքում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, նաև՝ Լիբանանում:
Վրաստան այցը պլանավորված էր երկրորդ փուլով ծրագրով, որը որոշվել էր սկսել հյուսիսից, և առաջին կետը պետք է լիներ Ջավախքը՝ Ախալքալաքը, որտեղ իրենց սպասում էին:
«Հայկական Բավրա անցակետում թույլ տվեցին անցնենք, վրացական անցակետում բոլոր մեր գործընկներին թույլ տվեցին, ավտոբուսով էինք, իրերը՝ պլակատներ, թռուցիկներ, ավտոբուսի մեջ էին, չեն էլ ստուգել, բոլորին թողեցին բացի ինձանից, ինձ արգելեցին: Տրամադրեցին 4 թերթից կազմված գրությունը և ասացին, որ սա ուղղակի արձանագրություն է, այլ հարցերի պարզաբանում տալու իրավասություն չունենք»,-պատմեց Փոստանջյանը և նշեց, որ փաստաթղթում կետեր կան, երբ կարող են քաղաքացու մուտքը խոչընդոտել իրենց երկիր։ Իրեն տված արձանագրության արգելքի կետը հետևյալն էր՝ արգելում է «օրենքով նախատեսված այլ դեպքերում»: Փոստանջյանի խոսքով՝ ակնհայտորեն այդ կետը կարող են կիրառել կամայական ձևով:
Ի դեպ, քաղաքական գործիչը ներկայացրել է այցի նպատակը: «Ասացի, որ առաջին հերթին գնում ենք պատարագ լսելու և հանդիպելու հայրենակիցների հետ»,-ասաց նա և նշեց, որ թեև անցակետի աշխատակցի հետ մտերմիկ զրույց է ունեցել, իրեն հասկացել են, որ ՀՀ-ն չի կարողանում, ի տարբերություն վրացիների, երկրի ղեկավար փոխել, հասկացել են, որ այցը ժողովրդավարության հաստատման համար է, բայց միևնույն է՝ թույլ չեն տվել:










