Քիչ են երեխաները, ովքեր իսկապես զբաղվում են մանր իրերի վաճառքով, այդ գործընթացը հիմնականում զուգորդվում է մուրացկանությամբ. Նելլի Դուրյան
2016-ին հաշվառված է եղել մուրացկանությամբ զբաղվող 19 երեխա, 2017-ին՝ 18: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նա ներկայացրեց, որ հաշվառվում են մուրացկանությամբ զբաղվող այն երեխաները, որոնք 2-3 անգամ հայտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում:
«Ըստ գործող կարգի, երբ հայտնաբերում են մուրացիկ երեխա, հայտնում են սոցիալական ծառայություններին: Մուրացկանությամբ զբաղվող երեխաներն այդքան շատ չեն: Դրանք հաճախ այն երեխաներն են, ում ծնողը երեխային թողնելու տեղ չունի, հետն է տանում, երեխան իր կողքն է լինում: Երեխան այս դեպքում քրեական պատասխանատվության չի ենթարկվում»,- ասաց նա:
Իսկ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն էլ գտնում է, որ երեխաների մուրացկանության խնդիրը լուծելու հարցում շատ կարևոր բաղադրիչ է հասարակության վերաբերմունքը: Նա նկատեց, որ շատ հաճախ մարդիկ գումար են տալիս մուրացկանությամբ զբաղվող երեխային, անցնում, մտածում՝ լավ էր, խեղճ երեխա էր, հաց տվեցինք, երեխան էլ հուսով է՝ մի բարի անցորդ կլինի, գումար կտա, կգնա:
«Մարդիկ, նկատելով նման երեխայի, պետք է ոչ թե գումար տան, անցնեն, այլ թեժ գիծ զանգահարեն, դիմեն մեր կառույցին, զանգահարեն այն հեռախոսահամարով, որ գիտեն: Սա լուրջ, խորքային խնդիր է: Երեխաները երբեմն դա անում են, որովհետև սոված են, երբեմն՝ ծնողներն են դրդում, երբեմն՝ զվարճանքի համար»,- շարունակեց Միրա Անտոնյանը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետն էլ խոսեց նաև մանր իրերի առևտրով զբաղվող երեխաների մասին: Նա նշեց, որ այդ երեխաները հիմնականում վաճառում են անձեռոցիկներ, սրբապատկերներ, ծաղիկներ:
«Քիչ են այդ երեխաները, ովքեր իսկապես զբաղվել են այդ վաճառքով, նրանց նույն կերպ հայտնաբերում են, տանում ոստիկանություն, ծնողին են հայտնաբերում, դիմում մարզպետարաններին կամ քաղաքապետարանին, սոցիալական ծառայություններին, բայց փորձը ցույց է տալիս, որ այս գործընթացը հիմնականում զուգորդվում է մուրացկանությամբ: Քաղաքացիները կարող է չգնեն այդ անձեռոցիկները, բայց գումարը տալիս են երեխաներին, ի վերջո, նույն մուրացկանությունն է դառնում»,- ընդգծեց Նելլի Դուրյանը
Վերջինս անդրադարձավ նաև երեխաների հետ մուրացկանություն անելու դեպքերին և նշեց, որ դա քրեորեն պատժելի արարք է:
«Մենք ամեն տարի լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում այս ուղղությամբ, կան ծնողներ, ովքեր իրենք են դրդում երեխաներին, սա դժվար պրոցես է, որովհետև նախ իր երեխան է, նա պիտի ծնողի մասին ասի՝ այո, ինքն է ուղարկում ինձ, այստեղ ապացուցողական դաշտի խնդիր կա: Խնդիր է նաև երեխային մորից կտրելը. երեխան հիմնականում հայտնվում է սոցիալական հաստատությունում, այստեղ անհրաժեշտ է ընտանիքի հետ աշխատանք իրականացնել»,- եզրափակեց Նելլի Դուրյանը:










