2017-ին 1627-ով աճել է արտակարգ դեպքերի ու պատահարների թիվը, զոհվել է 356 և տուժել՝ 10688 մարդ. Հ. Խանգելդյան (տեսանյութ)

14:17 • 26.01.18

ՀՀ-ում 2017 թվականի ընթացքում գրանցվել է 14619 արտակարգ դեպք, պատահար, ինչի հետևանքով զոհվել է 356 և տուժել՝ 10688 մարդ. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

Նրա խոսքով, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2017-ին 1627-ով աճել է արտակարգ դեպքերի ու պատահարների թիվը:

«Հիմնականում աճի միտում դրսևորվեց տեխնածին արտակարգ դեպքերի, պատահարների և սոցիալ-կենսաբանական պատահարների դասում: Մասնավորապես՝ զգալի աճ գրանցվեց հրդեհների և ճանապարհատրանսպորտային պատահարների դասում տեխնածին դեպքերի մասով, և սոցիալ-կենսաբանականով՝ շուրջ 440-ով աճեցին թունավորման դեպքերը, ընդհանուր առմամբ սա ազդեց, իհարկե, զոհերի և տուժածների ցուցանիշների վրա»,-ասաց Խանգելդյանը:

Ինչպես և նախորդ տարիներին, 2016-ի համեմատությամբ ևս 2017-ին ընդհանուր դեպքերի մեջ ծանր դեպքերի 95 տոկոսը բաժին է հասել հրդեհներին, ՃՏՊ-ներին ու թունավորումներին:

Մասնավորապես՝ հրդեհների թիվն աճել է 916-ով, այդ թվում՝ բնակելի շենքերում և առանձնատներում հրդեհները, ինչպես նաև անտառային տարածքներում, որոնցից ամենախոշորը Խոսրովի արգելոցի հրդեհն էր, որը, ըստ նրա, հաջողվեց մարել ռեկորդային ժամանակահատվածում:

«Ճանապարհատրանսպորտային պատահարների դասին բաժին ընկավ զոհերի գերակշիռ մեծամասնությունը՝ 80 տոկոսից ավելին: Գրանցվեց 279 զոհ, 5179 տուժած, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 13-ով ավելի է զոհերի և 739-ով՝ տուժածների դասում»,-ասաց նա՝ավելացնելով, որ թունավորումների թիվը 2017-ին աճել է 442-ով:

«Ունեցել ենք պայթյունի 23, փլուզումների առաջացման 148, երկաթգծի ուղիների պատահարների 10, ջրային հաղորդակցման ուղիների 8 պատահար և կենցաղային ոլորտում 43 դեպք՝ վթարներ կոյուղագծերի, ջերմային ցանցերի, խմելու ջրի մատակարարման և կոմունալ համակարգերում: Հաշվետու տարին համեմատաբար ավելի հանգիստ էր տարերային գործոններով պայմանավորված, 100-ով նվազում ենք գրանցել այս բաժնում: Այստեղ էլ գրանցվեցին զոհեր, ունեցանք 3 զոհ և 9-ը տուժած, անցյալ տարի նշված դասում տարերայինների 2 զոհ և 16 տուժած ունեինք»,-ասաց նա:

Ընդհանուր առմամբ, 2017 թվականի ընթացքում ԱԻՆ ստորաբաժանումներն իրականացրել են 20 հազարից ավելի ելք, 911 ծառայությունում էլ գրանցվել է 2 միլիոն 109 հազար զանգ։ Սա, ըստ Խանգելդյանի, վկայում է այն մասին, որ ազգաբնակչության դիմելիությունն է բարձրացել: