Իսպանիայի կառավարությունը դատարանում բողոքարկում է Կառլես Պուչդեմոնին իշխանության վերադարձնելու որոշումը

20:32 • 26.01.18

Իսպանիայի կառավարությունը հունվարի 26-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարանում բողոքարկել Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության որոշումը Կառլես Պուչդեմոնին ինքնավարության ղեկավարի պաշտոնում առաջադրելու մասին:

Ինչպես հայտնում է DW.com-ը, այս մասին Մադրիդում հայտարարել է կառավարության առաջին փոխնախագահ Սորայա Սաենս դե Սանտամարիան:

Պուչդեմոնի երդմնակալության արարողությունը նշանակված է հունվարի 30-ին:

Մադրիդը կարծում է, որ Պուչդեմոնը, որը արդարադատությունից թաքնվում է Բելգիայում, չի կարող բարձր պաշտոն զբաղեցնել:  

Սահմանադրական դատարանի որոշման կայացումը սովորաբար երկարատև է լինում, սակայն գործի ընդունումը դատական վարույթ արդեն նշանակում է, որ երդմնակալության ընթացակարգը կարող է սառեցվել:

Հիշեցնենք, որ Կատալոնիայում անցկացված հանրաքվեից հետո ինքնավարությունն անկախ հռչակելու անհաջող փորձի արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել Պուչդեմոնի և այլ ղեկավար անձանց նկատմամբ: Այդ իսկ պատճառով վերջինս չի կարող երկիր վերադառնալ, այլապես կձերբակալվի: