Դավոսում Թրամփի ավտոշարասյան մեքենաներից մեկը հարվածել է ոստիկանի. լրատվամիջոցներ (տեսանյութ)
Շվեյցարիայի Դավոս քաղաքում, որտեղ այս օրերին անցկացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան մեքենաներից մեկը հարվածել է տեղի ոստիկանության աշխատակցի, գրում է Blick պարբերականը:
Նշվում է, որ ոստիկանը ցանկացել է կանգնեցնել մեքենան, սակայն արգելակելու փոխարեն վարորդը սեղմել է գազի ոտնակին:
Դեպքը տեղի է ունեցել Դավոսի Intercontinental հյուրանոցի մոտ: Մուտքի դիմացի ճանապարհին հերթապահող ոստիկանը փորձել է կանգնեցնել Թրամփի ավտոշարասյան առջևի մեքենան, սական վարորդը, փորձելով շրջանցել նրան, հարվածել է ոստիկանության աշխատակցին: Դրանից հետո անցել են մյուս մեքենաները, որոնցից մեկում, ըստ աղբյուրի, գտնվել է Թրամփը:
Բարեբախտաբար, ոստիկանը լուրջ վնասվածքներ չի ստացել, քանի որ հասցրել է ցատկել մի կողմ: Ինչպես նշում է պարբերականը՝ ոստիկանը, հավանաբար, տեղյակ չի եղել, որ այդ մեքենան ուղեկցում է Թրամփի ավտոշարասյանը:










