Պրիմորիեի ափերի մոտ կորած «Վոստոկ» նավի սեփականատերը պատմել է նավի հետ վերջին կապի մասին

11:48 • 26.01.18

«Վոստոկ» նավի նավապետը նավի սեփականատիրոջ հետ վերջին անգամ կապի է դուրս եկել հունվարի 24-ի երեկոյան: Այդ մասին հայտնել է «ДВ-флот» ընկերության գլխավոր տնօրեն Ստանիսլավ Մալչևսկին, հայտնում է gazeta.ru-ն:


Նրա խոսքով՝ նավապետը նավի վրա առկա ոչ մի խնդրի մասին չի խոսել:


«Նավի հետ մենք ամեն օր կապ ունեինք, օրվա ընթացքում մի քանի անգամ կապվում էինք նավապետի հետ: Անհետանալուց առաջ նավապետը կապի է դուրս եկել հունվարի 24-ի երեկոյան: Նրա տվյալներով՝ նավի և անձնակազմի համար ոչ մի վտանգ չկար: Եղանակը վատանում էր, բայց ծայրահեղ վատ չէր»,- հայտարարել է Մալչևսկին:


Դրանից հետո անձնակազմն այլևս կապի դուրս չի եկել:


Հաղորդվում է, որ որոնողական խումբը հետազոտել է ավելի քան 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք Ճապոնական ծովում նավի անհետանալու վայրի մոտակայքում, սակայն՝ ապարդյուն:


Ավելի վաղ հաղորդվել է, որ հունվարի 25-ի առավոտյան Պրիմորիեի ափերի մոտ ձկնորսական նավ է կորել, որի վրա 21 մարդ է եղել, այդ թվում՝ Ռուսաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի քաղաքացիներ:


Ձկնորսական նավը Հարավային Կորեայից ուղևորվում էր Խոլմսկի նավահանգիստ: