Սիրիայի քրդերը չեն մասնակցի Սոչիում սպասվելիք բանակցություններին, եթե թուրքական ԶՈւ-ն չդադարեցնի Աֆրինի գործողությունը

15:05 • 26.01.18

Սիրիայի քրդերը չեն մասնակցի սիրիական հիմնախնդրի վերաբերյալ Սոչիում սպասվելիք բանակցություններին, եթե թուրքական ԶՈւ-ն չդադարեցնի քրդաբնակ Աֆրինում շարունակվող ռազմական գործողությունը։ Այս մասին բրիտանական Reuters գործակալության հետ զրույցում ասել է Սիրիայի հյուսիսում քրդական ինքնահռչակ ինքնավարության խորհրդական Բարդան Ժիյա Քուրդը:

Սոչիի բանակցությունները նախատեսվում է անցկացնել հունվարի 29-30-ին:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները փոխանցել են, որ թուրքական կողմը բանակցություններում Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներին հայտնել է քրդական կողմին Սոչիում տեսնել չցանկանալու մասին:

Աղբյուրը նշում է, որ Թուրքիայի այս պահանջը բավարարվել է բանակցություններում երաշխավոր հանդիսացող տվյալ երկու երկրների կողմից էլ:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: