Սա համաճարակի բուն է, բնությունը շարքից դուրս է գալիս. բնակիչը՝ Թաիրով- Փարաքար ջրատար համակարգի խնդրի մասին
Թաիրով-Փարաքար համայնքում 1990-ականներից կառուցված ջրատար համակարգը տարիներ շարունակ լուրջ խնդիր է հանդիսանում տարածքի բնակիչների համար, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչ Սևակ Ծատուրյանը:
Նրա խոսքով, այստեղ նույն ջրատարում միախառնվում են կոյուղաջուրը, ոռոգման ջուրը և կենցաղային աղբը: Բնակիչները ստիպված գարշահոտություն են շնչում, ջուրն էլ, ըստ նրա, ոռոգման համար պիտանի չէ:
«Մի քանի տարի առաջ համայնքի ղեկավարությունը նախաձեռնեց և ՄԱԿ-ի ծրագրով կառուցվեց բիոլճակ, որը մի քանի շերտ մաքրում իրականացնելուց հետո, արդեն մաքրեց ջուրը, ոռոգման համար պիտանի ջուր հանձնվեց գյուղացիներին, սակայն անցած տարի Կառավարության որոշում եղավ ու բիոլճակը տրվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեին, իսկ Ջրպետկոմիտեի անտարբերությունը բերեց նրան, որ այդ համակարգը քայքայվեց, խցանվեց»,-ասաց Ծատուրյանը:
Համայնքի բնակչի խոսքով խնդիրն առնչվում է նաև Գեղանիստ, Արգավանդ համայնքներին: Նա գրեթե բոլոր նախարարություններին արդեն երկու տարի շարունակ դիմել է այս խնդրի լուծման համար, բայց որևէ գործնական քայլ չի կատարվել:
«Ինձ շատ զարմացրեց նրանց ոչ ադեկվատ վերաբերմունքը խնդրին: Իրենք ուղղակի ասում են, մենք ծանոթացանք խնդրին, կարճ նամակներ էին տալիս, որին ոչինչ չէր հետևում: Հետո զանգում ասում էի՝ ինչ քայլ եք արել, ասում են՝ գումար չկա, ֆինանս չկա: Ասենք Բնապահպանության կամ Առողջապահության նախարարությունը ասում է՝ մեզ չի վերաբերվում այդ խնդիրը, բայց սա համաճարակի բուն է, բնությունը շարքից դուրս է գալիս այս ամեն ինչի պատճառով, ասում են ոչինչ չեն կարող անել, նույն կերպ մնացած բոլոր նախարարությունները»,-ասաց նա:
Ջրային տնտեսության պետական կոմիտեում խնդրին լավատեղյակ են, բայց ներդրումներ իրականացնելու հնարավորություն չունեն և պլաններում էլ չկա, քանի որ խնդրի լուծումը բավականին մեծ գումարներ է պահանջում, այս մասին Tert.am-ին ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
Շադրլու ջրանցքով անցնող ջուրը, որը բաց է թողնվում Երևանյան լճից, նախատեսված է համայնքի այգիները ոռոգելու համար, սակայն կոյուղաջուրը խառնվում է ոռոգման ջրին, դրա հետ մեկտեղ կենցաղային աղբն է խցանումներ առաջացնում: Սևակ Ծատուրյանի խոսքով ինքը չի կարողանում այգին ոռոգել այդ ջրով, թեև շատերը ճարահատյալ օգտագործում են այդ ջուրը այգիները ոռոգելու նպատակով:
«Այգին անցյալ տարի չկարողացան նորմալ ոռոգել, որովհետև այս ջուրը պիտանի չէր: Մի քանի ծիրանի ծառ ունեի ու երբ որ զանգեցի արտահանող ընկերություններից մեկին, որ հանձնեմ, ինձ պատասխանեցին, որ այդ տարածքից բերքը մենք չենք ընդունի արտահանման համար: Չպատճառաբանեցին, բայց առանց դրա էլ պարզ էր, թե ինչու: Պատկերացրեք կեղտաջրերով ոռոգես բանջարեղենը՝ կանաչի, ելակ, ու այդ սնունդը օգտագործեն մարդիկ, վաճառվի շուկայում»,-ասաց Սևակը՝ավելացնելով, որ դա նաև քաղցկեղածին հիվանդությունների առաջացման պատճառ կարող է դառնալ:
Նրա խոսքով համայնքի ղեկավարը իր հերթին ևս դիմել է տարբեր գերատեսչություններին, սակայն ապարդյուն` համապատասխան ֆինանսներ չեն տրամադրվում:
«Նույնիսկ չեն հաշվում ինչքան է պետք: Ես ասում եմ՝ լսեք այս համայնքում 10 հազար բնակիչ է ապրում, եկեք հասկանանք` ինչ գումարի մասին է խոսքը, համայնքից որքան կարելի է հավաքել, որքանը կտա Կառավարությունը, որքան դրամաշնորհ կկարողանանք գտնել, որպեսզի կարողանանք խնդիրը լուծել, բայց պրոցեսը չի էլ սկսվում, չգիտեմ` ինչքան կարող է այսպես շարունակվել»,-ասաց նա:










