Այնպես չէ, որ Սումգայիթը մեկ օրում եղավ. Խորհրդային շրջանում հակահայկականությունը Ադրբեջանի քաղաքականության թիրախում էր. Հրանուշ Խառատյան  

16:57 • 27.01.18

 

Այնպես չէ, որ Սումգայիթը մեկ օրում է եղել: Եվ Շատ հասկանալի է ու անգամ բնական, որ Խորհրդային շրջանում հակահայկականությունը Ադրբեջանի Խորհրդային քաղաքականության հիմնական թիրախներից էր: Այս մասին «Ազգայնամոլության և այլատյացության դեմքը 30 տարի առաջ և այժմ» թեմայով քննարկմանը հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Ազգայնամոլություն և այլատյացություն. գնալով համոզվում եմ, որ սրանք այն բառերից են, որ թե՛ ինքնուրույն կարիերա ունեն, թե՛ շատ քաղաքականացված են։ Եվ միայն քսաներորդ դարում, եթե այս բառերի տարբերությունները նայենք, դեռ չեմ խոսում այնպիսի երևույթի մասին, ինչպիսին նացիզմն է, նույնիսկ մեր տարածքում այս բառերի նկատմամբ այնքան հակասական ընկալում, մոտեցում կա, որ դրանց օգտագործումը փոխում է իրավիճակը»,– նշեց ազգագրագետը:

Հրանուշ Խառատյանն առաջարկեց նախ հասկանալ` սրանք ինչ բառեր են ադրբեջանցիների, մեր և այլոց ընկալմամբ։

«Մենք ադրբեջանցիներին թուրք ենք ասում, միշտ ենք ասել` թրքախոսության պատճառով: Մենք` հայերս և թուրքերը առնվազն երկու հարյուր տարի ունեցել ենք շատ ծանր հարաբերություններ, և մեր մենթալությունը թուրքին և թուրքերի հետ կապվածը միշտ ընկալել է թշնամական: Այո, թշնամի են, բայց ես հիմա ընկալումների խնդիրն եմ դնում»,- արձանագրեց Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքով` նույն երևույթը դրսևորվել է քսաներորդ դարի սկզբին ձևավորված նույն էթնիկ խմբի մոտ, որին ադրբեջանցի են կոչում, որին թեև մենք թուրք էինք կոչում, բայց ինքն իր համար այդ փնտրտուքը չէր ավարտել: