Նոր Զելանդիայի մոտակայքում անհետացել է 50 մարդ տեղափոխող լաստանավը

14:13 • 27.01.18

Հունվարի 18-ին Խաղաղ օվկիանոսում գտնվող Նոնոուտի կղզու նավահանգստից լաստանավ է դուրս եկել, որը պետք է երկու օր անց հասներ Կիրիբատիի մայրաքաղաք Հարավային Տարավա, սակայն այն անհետացել է:

New Zealand Herald-ի հաղորդմամբ՝ այժմ Կիրիբատիի և Նոր Զելանդիայի փրկարար ծառայությունները որոնողա-փրկարարական գործողություն են իրականացնում:

Նշվում է, որ Նոր Զելանդիան որոնումների համար դեպքի վայր է ուղարկել P-3K2 Orion պարեկային ինքնաթիռը:

Նորզելանդական ռադիոյի տվյալների համաձայն՝ 50 մարդ տեղափոխող լաստանավի անհետանալու մասին տեղեկությունները հայտնի են դարձել մի քանի օր անց:

Նոր Զելանդիայի փրկարար ծառայության ներկայացուցիչ Ջոն Էշբիի խոսքով՝ «ճամփա ընկնելուց անմիջապես առաջ վերանորոգվել է նավի շարժիչի մասը, և հնարավոր է, որ սա լրացուցիչ խնդիր է դարձել նավիգացիայի ժամանակ»: