ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է Թրամփի սիրուհին լինելու մասին պնդումները
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան կանանցից մեկը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին, անդրադարձել է վերջին շրջանում մամուլում շրջանառվող տեղեկություններին առ այն, որ իր ու նախագահի միջև սիրային կապ կա:
Ինչպես նշում է The Guardian-ը, Հեյլին հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ այդ ամենը «խիստ վիրավորական» է ու «զզվելի»:
Աղբյուրը մանրամասնում է, որ Հարավային Կարոլինա նահանգի նախկին նահանգապետի ու Թրամփի սիրային կապի մասին խոսակցությունների համար հիմք է ծառայել օրերս ԱՄՆ-ում հրատարակված «Կրակ և ցասում» սկանդալային գիրքը: Դրա հեղինակ Մայքլ Վոլֆը հայտարարել էր, որ Թրամփն արտամուսնական սիրային կապի մեջ է մեկ այլ կնոջ հետ:
«Դա միանգամայն սուտ է: Վոլֆն իր գրքում շատ մեծ սխալ է թույլ տվել՝ գրելով, որ «նախագահն ազատ ժամանակի զգալի մասն անցկացնում է Հեյլիի հետ՝ նախագահական օդանավում: Իրականում ես Air Force One օդանավում եմ եղել մի անգամ ու ինձ հետ նույն սենյակում մի քանի մարդ է եղել»,- Politico-ի հետ զրույցում ասել է պաշտոնյան:
Հայտնի է, որ 46-ամյա Հելյին ամուսնացած է և ունի 2 երեխա:










