Մասնագետները պարզաբանել են՝ ինչ է տեղի ունենում օրգանիզմում քնի պակասի ժամանակ

23:22 • 27.01.18

Քնի պակասը կարող է հանգեցնել ոչ միայն վատ ինքնազգացողության, այլև մի շարք հիվանդությունների առաջացման:

Ինչպես հայտնում է BBC-ն, ավելի քան 5 մլն մարդկանց մասնակցությամբ 153 հետազոտության արդյունքներ հստակ բացահայտում են քնի պակասի կապը շաքարախտի, արյան բարձր ճնշման, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, սրտի իշեմիկ հիվանդության և ճարպակալման հետ:

Հետազությունները ցույց են տվել, որ անբավարար քունն ընդամենը մի քանի գիշերվա կտրվածքով կարող է առողջ մարդուն հասցնել նախաշաքարախտային իրավիճակի: Անքնությունը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկելու օրգանիզմի ունակությունը:  Քնի պակասը բացասական ազդեցություն է ունենում իմունիտետի վրա:

Քնի պակաս ունեցող մարդկանց օրգանիզմը գրելինի հավելյալ քանակություն է արտադրում. այս հորմոնը պատասխանատու է քաղցի զգացողության համար, ինչպես նաև լեպտինի՝ հագեցվածության զգացողությունն ապահովող հորմոնի անբավարար քանակություն: Այս ամենը հանգեցնում է ավելորդ ճարպակալման:

Նշվում է նաև, որ քնի պակասով կարող է պայմանավորված լինել ուղեղի ակտիվությունն ու հեռավոր ապագայում նաև թուլամտություն:

Հետազոտությունները պարզել են նաև, որ հերթափոխով աշխատող և քնի խանգարումներ ունեցող մարդիկ առավել հաճախ են հիվանդանում: 

 

Մասնագետները պարզաբանել են՝ ինչ է տեղի ունենում օրգանիզմում քնի պակասի ժամանակ