Հայազգի երաժիշտներ, որոնք երբևէ դարձել են «Գրեմմիի» դափնեկիրներ

20:36 • 28.01.18

Ամերիկյան «Գրեմմի» մրցանակը, որը երաժշտության ասպարեզի ամենահեղինակավոր մրցանակներից է ողջ աշխարհում, շնորհում են 1958 թվականից:

2018-ին տեղի կունենա 60-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը, որին առաջադրվել են երկու հայ երաժիշտ՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու խմբավար Կոնստանտին Օրբելյանը: Այս առթիվ Rusarminfo-ն որոշել է ներկայացնել բոլոր հայերին, որոնք երբևէ արժանացել են «երաժշտական Օսկարին»:


1.    Ռոս Բաղդասարյան


1959-ին «Գրեմմի» է ստացել ամերիկահայ երգիչ, դերասան, դաշնակահար Ռոս Բաղդասարյանը (ամբողջական անունը՝ Ռոստոմ Սիփան Բաղդասարյան): Նա հիմնել է «Էլվինը և բուրունդուկները» անիմացիոն ֆիլմաշարը և միանգամից երկու «Գրեմմի» է ստացել «Լավագույն հումորային ներկայացում» և «Լավագույն մանկական կատարում» անվանակարգերում:

2.    Միշել Լեգրան

«Շերբուրյան հովանոցներ» հանրահայտ երաժշտական ֆիլմի հեղինակն ամենահայտնի ֆրանսահայերից է ողջ աշխարհում: Միշել Լեգրանը 3 անգամ արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» և հինգ անգամ «Գրեմմի» մրցանակի:

3.    Ջորջ Ավագյան

1997-ին Մայլզ Դեվիսի ալբոմի համահեղինակության համար «Գրեմմի» մրցանակի է արժանացել ջազի լեգենդար պրոդյուսեր և հիմնադիր Ջորջ Ավագյանը:

4.    Շեր

1999-ին Շերլին Սարգսյանն արժանացել է «Գրեմմի» մրցանակի    Believe երգի համար «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգում: Բացի այդ, նա մրցանակին առաջադրվել է ևս 3 անգամ:

5.    System of a Down

Ամերիկահայերից բաղկացած երաժշտական քառյակը «Գրեմմիի» առաջադրվել է 4 անգամ (2002, 2003, 2006, 2007թթ.), իսկ արժանացել է մրցանակի 2006 թվականին B.Y.O.B ստեղծագործության համար՝ «Տարվա լավագույն ռոք կատարում» անվանակարգում:

6.    Արտո Թունջբոյաջյան

Ավանգարդ ոճի ամենահայտնի հայ կատարողներից մեկը՝ Արտո Թունջբոյաջյանը, «Գրեմմի» է ստացել 2011-ին: Այն ժամանակ երաժիշտը հանդես էր գալիս Paul Winter Consort խմբի կազմում, որը մրցանակի է արժանացել «Լավագույն նյու էյջ ալբոմ» անվանակարգում Miho: Journey to the mountain ստեղծագործության համար:

7.    Քիմ Քաշքաշյան

2013-ին երաժշտական օլիմպոսի բարձունքը հաղթահարել է ևս մեկ հայազգի երաժիշտ: Ալտահար Քիմ Քաշքաշյանը «Գրեմմի» է ստացել «Լավագույն դասական գործիքային սոլո» անվանակարգում:

8.    Նիկոլայ Դիդենկո

Ռուսաստանաբնակ հայազգի օպերային երգիչը «Գրեմմիի» մրցանակակիր է դարձել 2017-ին Վարշավային ֆիլհարմոնիկ նվագախմբի Penderecki Conducts Penderecki ձայնագրության համար:

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության արարողությունը մեկնարկելու է հունվարի 28-ի գիշերը՝ երևանյան ժամանակով 4:30-ին:

 

Հայազգի երաժիշտներ, որոնք երբևէ դարձել են «Գրեմմիի» դափնեկիրներ