Ինձ համար ընդհանրապես նորմալ չէ, անկախ նրանից՝ ով է տալիս իմ թշնամուն զենք. Մանվել Գրիգորյանը՝  ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

14:08 • 28.01.18

Բանակին առաջին հերթին պետք է լավ բարոյահոգեբանական վիճակի զինվոր և սպա ունենալ,  ֆինանսական մեծ աջակցություն, որ տեխնիկապես լավ զինվի: Այս մասին այսօր  «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահների միության նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը: «Զինվորին, անպայման, պետք  ապահովել ամեն ինչով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանը շատ երկրներից է զենք գնում՝ հիմնականում Ռուսաստանից, բայց այդ թվում նաև՝ Բելառուսից, Ուկրաինայից, Իսրայելից, այսինքն՝ ով զենք է վաճառում, նրանից էլ գնում է: «Այնպես չէ, որ մենք քնում ենք, կարող է նրանց նավթը գազը շատ է, բայց մենք էլ ենք առնում: Մեր զինվորն էլ այսօր շատ բաներով ապահոված է, որ կարողանում է դիմակայել և ամուր պահել սահմանը»,-ասաց նա  և նշեց, որ թեև հակառակորդը դիվերսիոն փորձեր անում է, սակայն հաջողության չի հասնում:

Դիտարկմանը, թե Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և նորմա՞լ է, որ զենք է վաճառում Ադրբեջանին, նա ասաց.«Դե ռազմավարական դաշնակից է, բայց դե զենքը, որ մեկը վաճառում է, մյուսն էլ առնում է: Ինձ համար ընդհանրապես նորմալ չէ, թե անկախ նրանից՝ ով է տալիս իմ թշնամուն զենք»:

Հարցին, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին նոր խմբաքանակի մատակարարման դեպքում, նույն դաշնակցի  աչքով եք նայելու ՌԴ-ին, նա ասաց.«Այլընտրանք էլ չունենք ուրիշ աչքով նայել, ծախում է, նրանք էլ առնում են, մենք էլ ենք առնում: Էդ նույն էլ ադրբեջանցին կարող է ասի՝ իրենք էլ են համագործակցում»:

Ինչ վերաբերում է ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը, ապա Մանվել Գրիգորյանը ասաց, որ նա լուրջ մարդ է: «Ես նրան վաղուց եմ ճանաչում, աշխատանքից գործից չվախեցող է, այն ժամանակ, երբ երկրում ծանր վիճակ էր, նա չի վախեցել, եկել վարչապետի պաշտոնն է ստանձնել»:

Դիտարկմանը, թե ընդամենը չորս ամիս է պաշտոնավորել, նա ասաց, որ պատճառը առողջական խնդիրներն են եղել: «Ես էլ եմ ունեցել առողջության խնդիր, տարիներով չարչարվել եմ: Մի վարկաբեկեք, մարդը այս երկրում նախագահ է լինելու»,-ասաց նա: