Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներ հանձնեց հայրենիքի սահմանները պաշտպանելիս անձնվիրաբար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

12:35 • 28.01.18

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձին հետմահու պետական բարձր պարգևներ հանձնեց հայրենիքի սահմանները պաշտպանելիս անձնվիրաբար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի և հասարակայնության կետ կապերի բաժնից։

Պարգևատրման արարողությունը կայացավ Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:

«Այսօր մենք Եռաբլուրում ենք: Այս սրբազան տոնի օրը մեր պարտքն է գլուխ խոնարհել հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքի գնով մեզ կյանք և ազատություն պարգևեցին: Վշտակից ենք մեր բոլոր զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Կոչ ենք անում սերունդներին՝ մշտապես վառ պահել նրանց հիշատակը, Հայաստանի ժողովրդի այս կարևոր տոնի խորհուրդն ու իմաստը: 

Հավերժ փա՜ռք մեր հերոսներին: Կեցցե՜ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը»,-ներկաներին իր խոսքն ուղղեց ՀՀ Նախագահը:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անվեհերության և խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքն անձնազոհաբար կատարելու համար թիվ N զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանը հետմահու պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սամվել Ժիրայրի Կարճիկյանը հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արմեն Արտաշեսի Սաքանյանը հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գարեգին Հակոբի Մինասյանը հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի զինծառայող, շարքային Մհեր Արամայիսի Երզնկյանը հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի զինծառայող, շարքային Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով: