Օպտիմալացման ժամանակ չպետք է լինեն արտոնյալներ, որ կան և եղել են. Նաիրա Զոհրաբյանը՝ ծառայողական մեքենաների օպտիմալացման մասին
ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ծառայողական մեքենա ունի, սակայն կողմ է ծառայողական մեքենաների օպտիմալացման հետ կապված նախաձեռնությանը: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը կողմ է ցանկացած նախաձեռնության, որ արդար օպտիմալացում է ենթադրում:
Զոհրաբյանն ասաց՝ առօրյայում ինքը սովորաբար ոտքով է քայլում, ավելին՝ մեզ հետ զրույցի ժամանակ էլ մետրոյից էր օգտվում:
«Ես հիմնականում ոտքով եմ քայլում ու կողմ եմ արդար օպտիմալացում ենթադրող ցանկացած նախաձեռնության: Իհարկե, նաև հասկանում եմ, որ մարզային այցելությունների ժամանակ դժվար կլինի այլ տրանսպորտով գնալ ու դա անհրաժեշտություն է:
Եթե մեքենաների օպտիմալացումն էականորեն ազդելու է բյուջեի ծախսերի վրա, ապա ցանկացած ադեկվատ օպտիմալացման կողմ եմ, եթե չլինեն արտոնյալներ: Օպտիմալացման ժամանակ չպետք է լինեն արտոնյալներ, որոնք կան և եղել են միշտ, վստահ եմ՝ դեռ տևական ժամանակ լինելու են»,- շարունակեց Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ծառայողական մեքենաների տրամադրման հարցում իշխանությունները չարաշահումներ են արել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, թե այս ոլորտն ինքը խորապես չի ուսումնասիրել, կարծիք չի կարող հայտնել, սակայն շեշտեց, որ ավիատոմսերի գնման հարցում չարաշահումներն ակնառու են:
Խորհրդարանականը շեշտեց, որ մինչ ԱԺ հանձնաժողովի նախագահները գործուղման էին գնում էկոնոմ դասով, այդ ընթացքում նախարարները բիզնես դասով են երթևեկել:
«10 տարի է, ինչ պատգամավոր եմ, ու միշտ ԱԺ հանձնաժողովների նախագահներն օգտվել են էկոնոմ դասի ամենացածր կոդով ավիատոմսերից, որը հնարավոր չէ որևէ փոփոխության ենթարկել: Բայց մենք շարունակում ենք տեսել, որ նախարարները երթևեկում են բացառապես բիզնես կլասով: Դեռ, փառք Աստծո, քանի որ նախկինում նաև նախարարությունների վարչության պետերը, օգնականները, քարտուղարուհիները փռված էին բիզնես կլասում: Չեմ խոսում մեր հյուրանոցների մասին, որոնք մշտապես եղել են ամենազուսպ ստանդարտներով, բայց ես շքեղություններ չեմ սիրում ու իմ համար կարևոր է, որ լինի փոխադրամիջոց ու նվազագույն պայմաններ»,- ընդգծեց նա:
Պատգամավորին հավատ չեն ներշնչում այն պարզաբանումները, թե ավիատոմսերն ի սկզբանե գնվում են էկոնոմի դասի, որից հետո նախարարները և այլ պաշտոնյաներն, իրենց գումարներն ավելացնելով, բիզնես դասի ավիատոմս են գնում:
«Չեմ հավատում, որ այսօր որևէ նախարար կարող է էկոնոմ կլասով տեղափոխվել, այսօր իրենց լոլոները, թե տոմսը գնվում է էկոնոմ դասի, իսկ մնացածն իրենց գումարից են տրամադրում, ինձ համար հիմք չեն: Ես նման հեքիաթների ու լոլոների չեմ հավատում»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերով կոչեր են հնչում, որ Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո նաև օպտիմալացվեն ծառայողական մեքենաները:










