«Ծառուկյան» դաշինքում բազում հարցեր ունեն Արմեն Սարգսյանին, հանդիպմանը ներկա կլինի՞ Գ. Ծառուկյանը, ցույց կտա ժամանակը. Վահե Էնֆիաջյան

13:03 • 30.01.18

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ չի քննարկել հանդիպման օրն ու վայրը, այսինքն՝ այն դեռևս անհայտ է, բայց խմբակցության պատգամավորները բավականաչափ հարցեր ունեն Արմեն Սարգսյանին և ակնկալում են սպառիչ պատասխաններ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ նշելով. «Ի դեպ, մեկ նկատառում՝ բոլորը քննարկում են, թե հանդիպումներում ի՞նչ հարցեր են քննարկվել, ի՞նչ հարցեր են հնչել, բայց այս պահի դրությամբ թերևս Արմեն Սարգսյանի գործողություններից հասկացվում է, որ համաձայն է (ընդունել ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու լինելու առաջարկը), բայց նա պաշտոնապես չի հաստատել»։

Անձամբ Վահե Էնֆիաջյանին հետաքրքրում են հարցերը, թե Արմեն Սարգսյանը, լինելով անկուսակցական թեկնածու, թեպետ նրան առաջադրել է ՀՀԿ-ն , ի՞նչ ծրագրեր է առաջ քաշում, ի՞նչ է պատրաստվում իրականացնել իր լիազորությունների շրջանակում, և, վերջապես, ի՞նչ տեղաշարժ է զգալու մեր հասարակությունն այդ գործունեության ընթացքում:

Հարցին, թե հանդիպմանը ներկա լինելո՞ւ է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, խմբակցության պատգամավորը նկատեց՝ ժամանակը ցույց կտա: