Մեքսիկական նահանգում մեկ տարում հայտնաբերվել է ավելի քան 340 գաղտնի գերեզման՝ հարյուրավոր դիերով

10:11 • 30.01.18

Մեքսիկական Վերակրուս նահանգի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 340 գաղտնի գերեզման, որոնցում հարյուրավոր մարդկային դիեր ու մարմնի մնացորդներ են եղել:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է նահանգի գլխավոր դատախազ Խորխե Ուինքլերը՝ մանրամասնելով, որ բացահայտումներն արվել են 2017թ. ընթացքում:

Ուինքլերի խոսքով՝ գերեզմաններում հայտնաբերվել է 225 դի, 335 մարդկային գանգ ու 30.000-ից ավելի  ոսկրային մնացորդ: Առայժմ մասնագետներին հաջողվել է պարզել դիերից 111-ի ինքնությունը:

Աղբյուրը նկատում է, որ վերջին 20 տարվա կտրվածքով 2017թ.-ը բռնության մակարդակով ամենաբարձրն էր: 2017թ. Մեքսիկայում օրական միջինը 80 սպանություն է գրանցվել: Ինչ վերաբերում է բուն Վերակրուս նահանգին, ապա 2010թ. մինչև հիմա այնտեղ անհետ կորած է համարվում մոտ 3.600 մարդ:

Մեքսիկական ծոցի ափին գտնվող նահանգը վաղուց դարձել է երկու հզոր նարկոկարտելների՝ «Լոս Սետաս»-ի ու «Ծովածոց»-ի առճակատման «թատերաբեմը»: