Ռուսաստանում ԱՄՆ-ի «Կրեմլյան զեկույցը» համեմատել են հեռախոսագրքույկի հետ
ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը, մեկնաբանելով «Կրեմլյան զեկույցի» հրապարակումը, հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները պարզապես «հեռախոսագրքույկ» են կազմել: Այդ մասին նա գրել է Facebook-ում, հաղորդում է gazeta.ru-ն:
«Երեկ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Կոնգրեսին փոխանցված «ամերիկյան ցանկի» հետ առաջին ծանոթացումը զգացողություն է առաջացնում, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները, հուսահատվելով գտնել խոստացված և, իհարկե, ապացուցելի կոմպրոմատ ռուս քաղաքական գործիչների վերաբերյալ, պարզապես արտագրել են կրեմլյան հեռախոսագրքույկը»,- գրել է Կոսաչևը:
Նրա խոսքով՝ ցանկի բովանդակությունը վկայում է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ անբովանդակալից մեղադրանքների մասին:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «կրեմլյան ցանկում» ընդգրկված քաղաքական գործիչները և գործարարները դե ֆակտո անվանվել են ԱՄՆ թշնամիներ: Պեսկովը նաև աննախադեպ է անվանել Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հիշատակմամբ «կրեմլյան զեկույցի» հրապարակումը:
«Պատժամիջոցների այն հատվածում, որոնք վերաբերում են ռուսական սպառազինությունների սահմանափակումներին, կարող եմ ասել՝ ամերիկացիներն իրենց հավատարիմ են մնում»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում՝ նշելով, որ նրանք նախ վախեցնում են իրենց սպառազինությունների գնորդներին, այնուհետև ստիպում են գնել ամերիկյան սպառազինություն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում «կրեմլյան ցանկ», որում ընդգրկվել են 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): ԱՄՆ ֆինանսների նախարարության պատրաստած զեկույցում ներառվել են անձանց անուններ, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ:










