ՌԴ-ի դեմ նոր հնարավոր պատժամիջոցները կանդրադառնան Մոսկվայից ռազմատեխնիկա գնող երկրների և ընկերությունների վրա. Պետդեպ
Ռուսաստանի դեմ ուղղված նոր պատժամիջոցները, դրանց սահմանման դեպքում, կանդրադառնան ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի և հետախուզական ծառայությունների գործընկերների վրա: Այդ մասին ТАСС-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:
«Այսօրվանից սկսած Պետքարտուղարությունը կարող է պատժամիջոցներ սահմանել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի 231-րդ հոդվածի շրջանակում ռազմաարդյունաբերական համալիրի ռուսական ձեռնարկությունների և հետախուզական ծառայությունների հետ մեծ գործարքների համար: Եթե պատժամիջոցները սահմանվեն, դրանք հիմնականում կվերաբերեն ռազմաարդյունաբերական համալիրի ռուսական ձեռնարկությունների և հետախուզական ծառայությունների հետ մեծ գործարքների մեջ ներգրավված ոչ ռուսական կազմակերպություններին»,- հայտնել է նա:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Պետքարտուղարությունում նշել են, որ ԱՄՆ-ն նախազգուշացրել է Ռուսաստանի հետ առևտրային գործարքներ իրականացնող երկրների կառավարություններին և ընկերություններին նրանց դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին:
«Օտար երկրների կառավարությունները և մասնավոր հատվածի ընկերությունները տեղեկացվել են ինչպես հանրային կերպով, այնպես էլ մասնավոր կարգով, այդ թվում՝ համապատասխան դեպքերում Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների և ԱՄՆ կառավարության այլ պաշտոնատար անձանց կողմից, որ պատժամիջոցների ցանկում ներառված ռուսական սուբյեկտների հետ գործարքները պատժամիջոցների պատճառ կդառնան»,- հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը:
Պետքարտուղարության ներկայացուցչի կարծիքով՝ պատժամիջոցների մասին նոր օրենքը զսպող գործոն կդառնա ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց համար, որոնք ցանկանում են գործարքներ կնքել ռուսական ընկերությունների հետ:
«Խոշոր ռազմական գործարքների հետ կապված երկարատև ժամանակահատվածները հաշվի առնելով՝ այդ ջանքերի արդյունքները միայն նոր են սկսում երևալ»,- հավելել է դիվանագետը:
Իր հերթին՝ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ գերատեսչությունը երկուշաբթի տեղեկացրել է Կոնգրեսին հակառուսական պատժամիջոցների գործողությունների արդյունքների մասին: Նա նշել է, որ օգոստոսին նոր օրենքի ընդունումից ի վեր օտար երկրների որոշ կառավարություններ հրաժարվել են Մոսկվայից մի քանի միլիարդ դոլարի ռուսական ռազմական տեխնիկայի նախատեսվող կամ հայտարարված գնումներից:










