Սև հումոր էր. Տիգրան Աթանեսյանը՝ դատական տուգանքը Դատական օրենսգրքի նախագծից Դատավարական օրենսգիրք տեղափոխելու մասին

18:38 • 31.01.18

 

Դատական տուգանքը Դատական օրենսգրքի նախագծից Դատավարական օրենսգիրք տեղափոխելով փաստաբանների համար ոչինչ չի փոխում, ավելին՝ ավելի վատ է, սա «սև հումոր» էր:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե դատական տուգանքները հանվել են Դատական օրենսգրքի նախագծից ու տեղափոխելու են Դատավարական օրենսգիրք:

«Որքան մամուլից տեղեկացա, Արդարադատության նախարարն ասել էր,որ նույն տեսքով է նախագիծը տարվելու Դատավարական օրենսգիրք: Դա արվում է զուտ այն պատճառով, որ Դատական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և եթե հետագայում ավելի փոփոխություններ անելու խնդիր լինի դա բավականին դժվար պրոցես է, իսկ սովորական դատավարական օրենսգրքերում փոփոխություններ անելն ավելի հեշտ է: Սա չգիտեմ ինչ անվանել,  սև հումոր  էր, դա փաստաբանների համար ոչինչ չի փոխի»,-ասաց Աթանեսյանը:

Աթանեսյանի խոսքով ՝դատարանի համար որևէ տարբերություն չկա, թե որ օրենսգրքով կղեկավարվի դատական տուգանքի ենթարկելու որոշումը կայացնելիս:

Ինչ վերաբերում է Փաստաբանների պալատի՝ նախագծին դեմ արտահայտվելուն, Աթանեսյանն ասաց, որ այդ «պայքարը» հրահանգավորված է, ձևական բնույթ է կրում և քաղաքական որոշ գործիչների մոտ դիվիդենտներ շահելու համար է:

Դիտարկմանը, թե ՓՊ-ը նախարարի հայտարարությունից հետո կրկին հետագա գործողությունների պլանին ուղղված քննարկում է անցկացնելու, իսկ Աթանեսյանն այն համարում է ձևական, հետևաբար չի՞ մասնակցելու, փաստաբանն ասաց, որ դա ոչ միայն ձևական, այլ նաև վտանգավոր գործունեություն է:

«Լավ կաղապարի տակ իրենց շահերն են անցկացնում, դիվիդենտներ են վաստակում, սա որևէ արդյունք չի տա, եթե պայքար է, սա պետք է ամենասկզբից լիներ: Եթե ուշադիր հետևենք, թե ինչ  են անում, օրինակ, պահանջն ուղղված է և՛ կառավարությանը, և՛ Ազգային ժողովին, բայց հանդիպում են պահանջում միայն Ազգային ժողովի նախագահի հետ, նա էլ չի հանդիպում, հանդիպում է հանձնաժողովի նախագահի հետ: Ասում են, թե մարզերում գործադուլ է, որևէ ինֆորմացիա չկա, ինչ-որ դատական նիստեր հետաձգվո՞ւմ են, թե՞ չէ, ի՞նչ արդյունքն է տալիս, ի՞նչ է տեղի ունենում»,-ասաց Աթանեսյանը:

Փաստաբանի խոսքով՝ փաստաբանությունը վարկաբեկված է, վերջին չորս տարում ՓՊ-ն հասել է այնդ«արդյունքին» և այդ պատճառով փաստաբանների կարծիքին ոչ ոք ուշադրություն չի դարձնում:

«Իշխանությունները որոշել են դա ամրագրել և ամրագրելու են»,-ասաց Աթանեսյանը:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ Դատական սանկցիաների շարքից հանվել են դատական տուգանքները.

«Մենք որոշեցինք դատական տուգանքները հանել Դատական օրենսգրքի նախագծից ու տեղափոխել Դատավարական օրենսգիրք»:

Հիշեցնենք, որ նախագծի համաձայն ՝փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք մինչև 100 հազար դրամի չափով: Համաձայն Արդարադատության նախարարության մշակած նախագծի՝ տուգանքի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: