Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որսի դեպք է հայտնաբերվել. հեղինակը ոստիկանության ծառայող է. Econews (լուսանկարներ)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Love Animals Hate Hunters» հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:
«Այս անգամ խոսքը «երկակի» կյանքով ապրող անձնավորության մասին է: 37-ամյա Վոլոդյա Ղազարյանի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ վերջինս ՀՀ ոստիկանության ծառայող է, սակայն ժամանակ առ ժամանակ սահուն կերպով վերածվում է «անխիղճ որսորդի»: Հենց այսպես էլ ինքն իրեն անվանում է երիտասարդ ոստիկանը: «Անխիղճ որսորդն» անգամ առանձին հաշիվ ունի սոցիալական ցանցում, որտեղ զետեղված են անհամար լուսանկարներ՝ թե՛ նրա առօրյան, թե՛ որսը ցուցադրող»,– հայտնում է կայքը` տեղեկացնելով, որ ոստիկանության ծառայող Վոլոդյա Ղազարյանը ապօրինի որսի սիրահար է, իսկ համացանց բեռնված բազմաթիվ լուսանկարներն ապացուցում են, որ նա երկար տարիներ զբաղվում է «որսով», հատկապես՝ անօրինական:
Բեռված են լուսանկարներ դեռ 2011թ.-ից: Կայքը ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:
Ինչպես կայքը տեղեկացել է Կենդանաբանության ինստիտուտի, Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի կենդանաբան գիտաշխատակիցներից, ստորև ցուցադրված լուսանկարում Անդրկովկասյան փասիան է, որը ներառված է թե՛ ՀՀ Կարմիր գրքում, թե՛ IUCN Կարմիր ցուցակում: Հաջորդ լուսանկարում Կովկասյան մայրեհավ է, որը նույնպես վտանգված տեսակ է ու ներառված է ՀՀ Կարմիր գրքում, IUCN Կարմիր ցուցակում:
Վերոնշյալ լուսանկարներում, փորձագետների պնդմամբ, կա նաև շատ հազվագյուտ թռչնատեսակ. Կարմրախածի բադ, որը գրեթե չի հանդիպում:
«Այս թռչնատեսակը ներառված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում (ver. 3.1) «VU» (վտանգված) կարգավիճակով: Եվս երկու քիչ տարածված տեսակ գրանցված ՀՀ Կարմիր գրքում, ինչպես նաև IUCN Կարմիր ցուցակում. Խայտաբադ և Մոխրագույն սագ: Լուսանկարներում հանդիպում ենք նաև սպանված խոշոր կաթնասունների, գիշատիչ թռչունների և անգամ կատվազգի գիշատչի: Լուսան. Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է Արարատի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Բնակվում է անտառներում, անտառամերձ ժայռերում։ Սովորաբար այս կենդանատեսակը որսվում է մորթու օգտագործման կամ խրտվիլակ պատրաստելու նպատակով:
Հայկական մուֆլոնը ևս գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, ինչպես նաև ներառված է IUCN Կարմիր ցուցակում «Vulnerable A2cde» կարգավիճակով, և ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»:
Ներկայումս մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակները: Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում: Լուսանկարներում հավանաբար Հայաստանյան ճուռակ և Կրետակեր է:
Արդեն մի քանի տարի է, ինչ նապաստակի որսը չի թույլատրվում, ինչպես նաև «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ կետով արգելվում է «գիշերային ժամերին լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումների (աղբյուրների) կիրառմամբ որսը»:
Վոլոդյա Ղազարյանը նաև 2017թ.-ին հրապարակել է լուսանկարներ, որտեղ որսված են որսատեսակ չհանդիսացող (որսը թույլատրված չէ), միջազգային Կարմիր ցուցակում ընդգրկված թռչնատեսակներ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

















