Ռուսաստանի և Իրանի նպատակը Աֆրինի քրդերին համոզելն էր, որ ընդունեն Դամասկոսի իշխանություններին․ արաբագետ
Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ նույնիսկ Թուրքիան պատկերացում չունի, թե ինչ ընթացք կստանան Սիրիայի Աֆրինում իր կողմից նախաձեռնված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունները: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ հիմա ռազմական գործողությունների ընթացքը դանդաղել է:
«Ակնհայտ է, որ Աֆրինում ռազմական գործողությունները սկսելը քարոզչական հնարք էր: Ասում են , որ քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների (ԺԻՋ-YPG)-ի և Իսլամանական պետություն ահաբեկչական կազմակերպության դեմ է ուղղված, փորձում են ճնշել առաջիններին»,-ասաց նա:
Անդրադառնալով թուրքական իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին, թե մտադիր են հասնել մինչև Իրաք, արաբագետը նշեց, որ այստեղ արդեն Թուրքիան խոչընդոտների կհանդիպի․ բացի քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներից՝ այս ճանապարհին կանգնած է երկու հազարանոց ամերիկյան զորախումբը:
«Եվ թուրքական կողմի հայտարարություններն էլ ունեն իրենց հասցեատերը, որն է՝ Վաշինգտոնը: Ցույց են տալիս, որ իրենք վճռական են տրամադրված, և ԱՄՆ-ը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը՝ իրենց կողքի՞ն են, թե՞ քրդական ուժերի կողքին: Բայց դա նորից քարոզչական համատեքստում է արվում՝ տրամադրություններ ստուգելու համար»,- ասաց նա:
Սարգիս Գրիգորյանի խոսքով, ԱՄՆ-ի դիրքորոշումը պարզ է․նրանց դաշնակիցները քրդական Ժողովրդավարական ինքնապաշտպանական ջոկատներն են, որոնց դեմ էլ հենց թուրքերը կռվում են: «ԱՄՆ-ի դիրքորոշումը Անկարայի համար պարզ է, պարզապես ստուգեց և վերջնական պարզեց իր համար ԱՄՆ-ի դիրքորոշումը»,- նշեց նա:
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ԱՄՆ-ը ի սկզբանե չէր կարող Թուրքիային ավելի սաստող հայտարարություններ անել, քանի որ ՆԱՏՕ-ում դաշնակիցներ են: «Բայց դա չէր նշանակում, որ Վաշինգտոնը զիջում էր Անկարային, և կկատարեր Թուրքիայի պահանջը՝ հանել իր ռազմական ուժերը Աֆրինից։ Տեսակետների հստակեցումներ են տեղի ունենում, բայց այն, ինչ տեղի է ունենում ցամաքում, պետք է մտահոգի ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլ նաև՝ այլ խաղացողներին, առաջին հերթին՝ Սիրիայի ներկայիս իշխանություններին․ որովհետև մենք տեսնում ենք, որ այս ռազմական գործողությունների արդյունքում Սիրիայում մի քանի տեղ թուրքական դրոշ է բարձրանում: Արդյո՞ք դա Սիրիայի սուվերենության հետ կապված խնդիր չէ: Սա պետք է ազդակ լինի, որ բացի նրանից, որ Թուրքիան իրոք վճռական է տրամադրված, այլ նաև՝ Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացում կարող է ավելի ամուր դիրքերից խոսել»:
Անդրադառնալով Աֆրինի գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի և Իրանի վերաբերմունքին` Սարգիս Գրիգորյանը նկատեց՝ նրանց ցանկությունն ի սկբանե համապատասխանում էր Սիրիայի իշխանությունների նպատակներին․ ցանկանում էին, որ քրդերին պարզապես ընդունեն Դամասկոսի իշխանություններին՝ որպես իրենց անվտանգությունն ապահովող ուժ:
«Ռուսաստանի և Իրանի նպատակը հետևյալն էր՝ քրդերին համոզել, որ ընդունեն Դամասկոսի իշխանություններին, որոնք կարող էին կանգնեցնել թուրքերին: Հայտնի է, որ Աֆրինում սիրիական բանակ չկա, և Իրանը, Ռուսաստանը, Սիրիան փորձում էին փոխել իրավիճակ, և Դամասկոսը բերել Աֆրին, բայց կարծես թե դա չստացվեց,- ասաց նա՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, չպետք է բացառել, որ այլ փուլերում քրդերը համոզվեն, որ Սիրիայի կառավարությանը իրենց անվտանգությունն ապահովելու վերաբերյալ կոչը խնդրի լուծումներից, թուրքական առաջխաղացումը կանգնեցնելու տարբերակներից մեկն է,- բայց քրդերը դեռ պայքարում են»:
Սարգիս Գրիգորյանը չհամաձայնեց այն դիտարկումների հետ, թե Հայաստանը ակտիվ չէ Սիրիայի գործընթացներում: Նկատեց՝ սիրիահայերը բավական ակտիվ են այստեղ:
«Սոչիում սիրիական հիմնախնդրի բանակցություններում հայեր էլ են մասնակցում։ Մենք ակտիվ ենք, փորձում ենք զգալ զարկերակը, մոտ լինել բանակցություններին: Սիրիական հակամարտության այս փուլում ցանկացած բանակցային գործընթաց դրական կազդի ընդհանուր հակամարտության լուծման վրա»,- ասաց նա:
Աֆրինում և Մանբիչում, որոնք Թուրքիան մտադիր է վերցնել, ապրում են հայեր։ Արաբագետի դիտարկմամբ՝ թուրքական կանոնավոր բանակը, որտեղ կան նաև ծայրահեղական զինվորականներ, չգիտենք, թե ինչ բռնի գործողություններ կիրականացնի այդ տարածքների բնակիչների նկատմամբ:
Մերձավոր Արևելքում ցնցումներն իրենց ազդեցությունը ունենալու են նաև Հայաստանի վրա: «Հայաստանը պետք է ամուր լինի՝ այդ ցնցումներին դիմակայելու համար»,- ասաց նա:
Կանխատեսելով Սիրիայում թուրքական իշխանությունների կողմից նախատեսած ռազմական գործողությունների ապագան՝ Սարգիս Գրիգորյանը այնուամենայնիվ եզրակացրեց՝ քրդական խմբավորումները դժվար թե թույլ տան Թուրքիայի զորամիավորումների առաջխաղացումը, ինչը դժվար թե Թուրքիան կանխատեսած չլիներ:










