Ոմանք անհանգստացած են ՎՊ–ի կողմից իրականացվող ընթացիկ վերահսկողության հնարավոր արդյունքներից և «ցեխ» շպրտելու փորձ են անում. ՎՊ պարզաբանումը

19:59 • 31.01.18

ՀՀ Վերահսկիչ պալատը «Փաստ» օրաթերթում հրապարակված ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գնումների պլանին վերաբերող հոդվածի կապակցությամբ պարզաբանմամբ է հանդես եկել։

Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հոդվածի հեղինակն անդրադարձել է Վերահսկիչ պալատի 2018 թվականի կարիքների ապահովման համար 21,682.3 հազ. դրամի չափով նախատեսված ծախսերին, որի կապակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատը պարզաբանում է:

«Նախ և առաջ, պետք է նշել, որ հոդվածի հեղինակը առանձնահատուկ բացահայտումներ չի կատարել, քանի որ ՀՀ վերահսկիչ պալատի գնումների պլանը խիստ հրապարակային է. ձեւավորվել և հաստատվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

Մեզ համար պարզ է, որ ոմանք խիստ անհանգստացած են պալատի կողմից իրականացվող ընթացիկ վերահսկողության հնարավոր արդյունքներից, որոնք առաջիկա ամիսներին նույնպես կհրապարկվեն, եւ հավանաբար` դրանով է պայմանավորված` Պալատի վրա «ցեխ» շպրտելու նման փորձը:

Բոլոր դեպքերում, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հոդվածում հնչած  «մտքերին»:

Հոդվածի հեղինակը /կամ պատվիրատուն/ հավանաբար մոռացել է, որ ՀՀ վերահսկիչ պալատն առնվազն գույք գնել  է վերջին անգամ մինչև 2007 թվականը, և որ պալատի աշխատակազմը այս 10 տարիների ընթացքում հիմնականում օգտագործել է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի օրոք ձեռքբերված գույքը:

Հոդվածի հեղինակը մոռացել կամ չի ցանկացել նկատել, որ երկար տարիներ պալատի աշխատակիցներն առանց օդորակիչների են աշխատել, կամ որ` երկար տարիներ ՎՊ-ն  չի ունեցել խորհրդակցությունների սենյակ, որտեղ պետք է անցկացվեին Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը,  միջազգային կառույցների հետ հանդիպումները, ինչպես նաեւ` մամուլի ասուլիսները...

Կամ ինչպես կարելի է մոռանալ, որ պալատի աշխատակիցները երկար տարիներ օգտագործում էին կոտրված, սակայն զոդված բազկաթոռներ, աթոռներ և բազմակի վերանորոգված սեղաններ:

Ինչ վերաբերում է նախատեսված վարչական սարքավորումների համար նախանշված գներին, ապա պետք է նշել, որ գնումների պլանը նախնական փաստաթուղթ է և դրանում նշված գները վերջնական չեն և կարող են փոփոխության ենթարկվել մրցույթների և բանակցությունների արդյունքում, ինչը վստահաբար Պալատն անելու է:

Իսկ այն, որ 150 հազ. դրամով պալատը մեկ աղբյուրից պատրաստվում է ջահ գնել` խորհրադակցությունների սենյակի համար, մեր «անանուն բարեկամին» հիշեցնենք, որ մինչև մեկ միլիոն դրամի չափով գնումը կարող է իրականացվել մեկ աղբյուրից, այլ ոչ թե` մրցույթի միջոցով:

Վերջում` մեր խորհուրդը «բյուջեով անհանգստացող անանուն բարեկամին»` դադարեք նմանօրինակ անհաջող փորձերով կաշկանդել Վերահսկիչ պալատին: Անիմաստ է»: