Դա ուղղակի հիմարություն է. «Բրիգադա»-ի հայազգի պրոդյուսերը մեկնաբանել է սերիալի՝ երիտասարդության համար վտանգավոր լինելու մասին խոսքերը
Հանրահայտ «Բրիգադա» ռուսական սերիալի պրոդյուսեր Ալեքսանդր Ակոպովը մեկնաբանել է գլխավոր դերակատարներից մեկի՝ Պավել Մայկովի («Պչելա») հայտարարությունը, համաձայն որի՝ սերիալը վնաս է հասցրել ռուս հանրությանն ու իրականում «երկրի դեմ գործված հանցագործություն» է, քանի որ բազմաթիվ երիտասարդների խրախուսել է հանցավոր ուղու վրա կանգնել:
«Դա ուղղակի հիմարություն է: Այս թեմայով հետազոտություններ են անցկացվել, որոնց արդյունքները միանշանակ փաստում են, որ հանցավորության մակարդակը կապված է այլ հանգամանքների, այլ ոչ թե հանցավոր թեմայով սերիալների գոյության հետ»,-նշել է Ակոպովը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, պրոդյուսերը հակադարձել է Մայկովին՝ ընդգծելով, որ նմանատիպ սերիալները կարող են բազմաթիվ երիտասարդների հետ պահել հանցավոր ուղին բռնելու ցանկությունից:
Խոսելով բուն «Բրիգադա»-ի մասին՝ Ակոպովը հիշեցրել է, որ սերիալի վերջում Մայկովի ու մյուս գլխավոր դերակատարների կերտած հերոսները սպանվում են:
«Եվ դա դաս էր աճող սերնդի համար»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ Մայկովը վերջին հարցազրույցներից մեկում սերիալն անվանել է «Ռուսաստանի դեմ գործված հանցագործություն»:
«Ինձ՝ որպես դերասանի, այս սերիալը ճանաչում է բերել, սակայն հանրության ու մարդկանց համար այն ի վնաս է եղել: «Բրիգադա»-ն Ռուսաստանի դեմ գործված հանցագործություն է, որին ես մասնակից եմ եղել: Եվ Բեզռուկովն էլ է մասնակից եղել, ուղղակի նա դրանից հետո Հիսուս Քրիստոսին է մարմնավորել, իսկ ես «Բրիգադա»-ից հետո չէի համարձակվի»,-ասել է Մայկովը:










