Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում առգրավվել է ՀՀ-ից ներմուծված 1 տոննա խեցգետին

12:48 • 31.01.18

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը թույլ չի տվել երկիր ներմուծել Հայաստանից Մոսկվա ուղարկված մեկ տոննա կենդանի խեցգետինը, գրում է mskagency.ru-ն՝ հղում անելով ծառայության տարածած մամուլի հաղորդագրությանը:

Հայտնի է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում խեցգետինների խմբաքանակը չի ձևակերպվել, ապրանքն ունեցել է անասնաբուժական համապատասխան վկայագիր՝ տրված սույն թվականի հունվարի 25-ին:

Ըստ ռուսական կողմի՝ ներմուծման ժամանակ խախտված է եղել ապրանքի բեռի փաթեթավորումը, ինչպես նաև վկայագրում նշված ամսաթիվը չի համապատասխանել ապրանքի պիտակների վրա նշված ամսաթվին: Արդյունքում ապրանքն առգրավվել է:

Անցյալ տարվա նոյեմբեր ամսին էլ Ռոստովում 21 տոննա հայկական լոլիկ էր ոչնչացվել, քանի որ մասնագիտացված լաբորատորիայում նմուշառված գյուղմթերքում հայտնաբերվել էր կարանտինային վտանգավոր՝ վնասատու հարավամերիկյան ցեց: