Ֆրանսիայում ձերբակալվել է 2015-ի ահաբեկչությունների համար զենք մատակարարելու գործով 4 կասկածյալ

13:21 • 31.01.18

Ֆրանսիայում ձերբակալվել է Փարիզում 2015 թվականի հունվարին տեղի ունեցած ահաբեկչական ակտերին մասնակցելու համար կասկածվող 4 անձ: Այս մասին հայտնում է Figaro-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկուշաբթի և երեքշաբթի ձերբակալվել է 30-36 տարեկան չորս տղամարդ: Այժմ քննիչները «պետք է պարզեն՝ ինչ դեր նրանք կարող էին ունենալ ահաբեկչություններն իրականացնողներին զենք մատակարարելու գործում»:

Հայտնի է, որ Ֆրանսիայում ահաբեկչությունների շարքը սկսվել է 2015 թվականի հունվարի յոթին՝ Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակումից: Երեք օրում մահացել է 17 մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան:

Երկու օր անց Կալաշնիկովի երկու ինքնաձիգով զինված տղամարդը ներխուժել է կոշերային սուպերմարկետ, կրակ բացել և պատանդներ վերցրել: Հարձակման հետևանքով մահացել է չորս մարդ:

Հունվարի 9-ին անցկացված հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացվել է երեք ահաբեկիչ: