«Կրեմլյան ցանկում» ընդգրկված ռուսաստանաբնակ գործարարները 1 օրում 1,1 միլիարդ դոլար են կորցրել. РБК

12:07 • 31.01.18

РБК-ն հաշվարկել է, թե ինչպես է մեկ օրվա ընթացքում փոխվել ԱՄՆ ֆինանսների նախարարության «կրեմլյան զեկույցում» ներառված մոտ հարյուր ռուսաստանաբնակ միլիարդատերերի կարողությունը: Որպես հիմք են ծառայել իրական ժամանակում Forbes առցանց վարկանշային ցանկի տվյալները, գրում է РБК-ն՝ նշելով, որ ընդհանուր առմամբ, շուկան հարաբերականորեն դրական է արձագանքել ամերիկյան զեկույցին:


Զեկույցի հրապարակումից հետո գործարարների ընդհանուր կարողությունը Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ի դրությամբ նվազել է 1,06 միլիարդ դոլարով:


Ամենաշատն էժանացել են Վագիթ Ալեքպերովի («Լուկօյլ»), Վլադիմիր Լիսինի («Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատ»), Սուլեյման Քերիմովի («Պոլյուս») ակտիվները՝ համապատասխանաբար 226 միլիոն, 205 միլիոն և 102 միլիոն դոլարով:


Ինչպես հետևում է Forbes-ի տվյալներից, տոկոսային արտահայտմամբ ԱՄՆ-ի ցանկից ռուսաստանաբնակ միլիարդատերերի ակտիվներն «էժանացել» են միայն 0,3 տոկոսով: Լրատվամիջոցը նշում է, որ դժվար է ասել, թե ինչպես է դրա վրա անմիջականորեն ազդել ԱՄՆ-ի զեկույցը:


РБК-ն գրում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության պատրաստած «օլիգարխների» ցանկն ամբողջությամբ համընկել է Forbes-ի ռուսաստանաբնակ դոլարային միլիարդատերերի նախորդ տարվա ցանկի հետ: Շուկան դա ընդունել է որպես նշան, որ Դոնալդ Թրամփի վարչակազմն այդ հարցին ֆորմալ ձևով է մոտեցել՝ առանց ռուսական բիզնեսի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու ցանկության:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում «կրեմլյան ցանկ», որում ընդգրկվել են 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): ԱՄՆ ֆինանսների նախարարության պատրաստած զեկույցում ներառվել են անձանց անուններ, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ: