Մադուրոն հայտնել է վենեսուելական կրիպտոարժույթի վաճառքի մեկնարկի ամսաթիվը
Փետրվարի 20-ին կսկսվի վենեսուելական պետրո ազգային կրիպտոարժույթի նախնական վաճառքը։ Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում է ТАСС-ը:
«Արժույթի ձեռքբերման գործարքները հնարավոր կլինի իրականացնել անվտանգ և անմիջականորեն»,- նշել է հարավամերիկյան պետության ղեկավարը: Նա հայտնել է, որ ստորագրել է փաստաթուղթ, որում նշված են կրիպտոարժույթի բնութագիրն ու դրա աշխատելու մեխանիզմը: Մադուրոն, սակայն, չի հստակեցրել դրա վաճառքի մեխանիզմը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Մադուրոյի ստորագրած փաստաթղթի նախնական նախագծում վենեսուելական իշխանությունները պատրաստվում էին նախ վաճառել թողարկված պետրոյի 38,4 տոկոսը, որոնց արժեքը կկազմի 2,3 միլիարդ դոլար: Մեկ ամիս անց կվաճառվի կրիպտոարժույթի ևս 44 տոկոս:
Մնացած պետրոները կմնան պետության և խորհրդականների խմբի տրամադրության տակ, որոնք պետք է ապահովեն պետրոյի շրջանառությունը:
Այս ամսվա սկզբին Մադուրոն հրահանգել է սկսել 100 միլիոն միավոր ազգային կրիպտոարժույթի թողարկումը: Նա այդ ժամանակ նշել է, որ յուրաքանչյուր պետրո կարժենա նույնքան, որքան վենեսուելական նավթի բարելը:
Վենեսուելայի առաջնորդը սեփական կրիպտոարժույթը ստեղծելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել է 2017 թվականի դեկտեմբերի սկզբին: Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիայի օգտագործումը կօգնի երկրին հաղթահարել սոցիալ-տնտեսական ճգնաժամը:










