Հայ հերոս Շավարշ Կարապետյանը Պուտինի վստահված անձ է դարձել

15:21 • 31.01.18

Հունվարի 30-ին ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկի երրորդ և վերջին մասը:  Ցանկը բաղկացած է 63 հոգուց, այդպիսով՝ Պուտինի վստահված անձանց ընդհանուր թիվը կազմել է 476:


Ցանկի համաձայն՝ Վլադիմիր Պուտինի վստահված անձ է դարձել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ տիտղոսակիր լողորդ, ջրասուզալող մարզաձևում 11 անգամ աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ աշխարհի չեմպիոն, 13 անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, որը տասնյակ մարդկանց էր փրկել 1976 թվականին Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսից:


Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում է ընդգրկվել նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի անդամ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Չուբարյանը:


Ավելի վաղ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր 2018 թվականի նախագահական ընտրությունների համար գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց երկրորդ խումբը, որում հայտնվել են գրող, հումորիստ Եվգենի Պետրոսյանը և հայտնի շոումեն, կատակերգու դերասան Միխայիլ Գալուստյանը: 


Օլիմպիական երկակի չեմպիոն, ռուսաստանաբնակ սուսերամարտուհի Յանա Եգորյանը և Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել են Վլադիմիր Պուտինի վստահված անձանց առաջին խմբում:


Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին, նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին: