Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի մասնակից երկրները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

11:10 • 31.01.18

Ռուսաստանի Սոչի քաղաքում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին մասնակցած կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել՝ կոչ անելով բանակցային գործընթացի ու հակամարտության կողմերին պահպանել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ինչպես փոխանցում է TACC գործակալությունը, համաժողովի անդամ երկրները որոշում են կայացրել սիրիական հարցի՝ Սիրիայի ժողովրդի ազատ ընտրության միջոցով լուծման, ինչպես նաև երկրի սահմանադրության որոշ կետերի փոփոխության անհրաժեշտության մասին:

Հայտարարության մեջ շեշտվել է հետագա գործընթացների՝ ժողովրդավարական հիմքերի վրա կառուցման, ինչպես նաև ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարի, Սիրիայում ծայրահեղականության վերացման կարևորությունը:

Հիշեցնենք, որ սիրիական ընդդիմությունը հրաժարվել էր մասնակցել Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին, երբ Սոչի ժամանելուն պես ընդդիմության ներկայացուցիչները նկատել էին օդանավակայանում և համաժողովի սրահում իրենց կողմից չընդունվող Սիրիայի պետական դրոշը: Ընդդիմության շահերը համաժողովին ներկայացրել էր Թուրքիան:

Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի կողմից քուրդ զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողության պատճառով համաժողովը բոյկոտի էր ենթարկվել քրդական ուժերի կողմից, որոնք բանակցություններին չեն ներկայացել:

Նշենք, որ այս համաժողովում Սիրիայի հայ համայնքի շահերն են ներկայացրել Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Նորա Ասիրյանը՝ Դամասկոսից, Ժիրայր Ռեիսյանը՝ Հալեպից, ինչպես նաև Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը: