«Թալիբանի» գրոհայինները վերահսկում են Աֆղանստանի տարածքի մինչև 70 տոկոսը. BBC
«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայիններն ընդլայնել են Աֆղանստանում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների գոտին 2014 թվականին միջազգային կոալիցիայի հիմնական ուժերի դուրս բերումից հետո: Այդ մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով 2017 թվականի վերջին անցկացված սեփական հետազոտությունը:
Ստացած տվյալների համաձայն՝ գրոհայիններն ամբողջությամբ վերահսկում են 14 թաղամաս՝ երկրի տարածքի 4 տոկոսը, և «ունեն ակտիվ ֆիզիկական ներկայություն» ևս 263 թաղամասերում (66 տոկոսը): Դա շատ ավելին է, քան ցույց էին տալիս նախորդ զեկույցները:
Ընդհանուր առմամբ, թաղամասերում, որն այս կամ այն կերպ վերահսկում են գրոհայինները, ապրում է մոտ 15 միլիոն մարդ՝ Աֆղանստանի բնակչության կեսը: Լրագրողները նշում են, որ այդ գոտիներում թալիբները հաճախ գործողություններ են իրականացնում կառավարական ուժերի դեմ:
Աֆղանստանի ևս 122 թաղամաս՝ երկրի տարածքի մոտ 30 տոկոսը, գտնվում է կառավարության վերահսկողության տակ, սակայն նրանք նույնպես ենթարկվում են գրոհայինների հարձակումներին: Մասնավորապես՝ խոսքը Քաբուլի և այլ խոշոր քաղաքների մասին է:
BBC-ի հետազոտությունը նաև ցույց է տվել, որ «Իսլամական պետություն» խմբավորման գորհայինները նույնպես ավելի ակտիվ են դարձել Աֆղանստանում, քան նախկինում։
BBC-ի հետազոտությունն անցկացվել է 2017 թվականի օգոստոսի 23-ից նոյեմբերի 21-ը:










