Ֆրանսիայում հրեա երեխային ծեծի են ենթարկել կիպա կրելու համար

17:12 • 31.01.18

Ֆրանսիայում դեռահասները ծեծի են ենթարկել երեխային ավանդական հրեական գլխարկ՝ կիպա, կրելու համար: Այս մասին հայտնում է The Local-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ութամյա դպրոցականը գնալիս է եղել լրացուցիչ դասընթացների Փարիզի մոտակայքում գտնվող Սարսելում: Երկու դեռահաս տապալել են նրան գետնին և ծեծել: Դատախազի կարծիքով՝ նրանք արել են դա, քանի որ տղայի գլխին կիպա է եղել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում արձագանքել է տեղի ունեցածին: Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ որևէ մեկը հարձակումների է ենթարկվում տարիքի, արտաքինի կամ կրոնի պատճառով, դա համարվում է հարձակում ամբողջ պետության վրա: Նա նաև կոչ է արել երկրին միավորվել «բոլոր այդ գարշելի հարձակումների դեմ»:

Սարսելը գտնվում է Փարիզից 17 կմ հեռավորության վրա: Այն անվանում են «փոքր Իսրայել»՝ այնտեղ բնակվող մեծ հրեական համայնքի պատճառով: 2014 թվականի ամռանը Գազայի հատվածում Իսրայելի և Պաղեստինի միջև ռազմական հակամարտությունից հետո այստեղ հաճախակիացել են հակասեմական հարձակումները: