$1000 կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը հայտնել է՝ ի վիճակի չէ ներկայանալ նիստին. Դատապարտյալների հիվանդանոցից հայտնել են՝ ի վիճակի է. նիստն ընդմիջվեց
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատավարությունը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ:
Այսօրվա դատական նիստը սկսվեց 40 րոպե ուշացմամբ, նիստի մեկնարկին նիստերի քարտուղարն ասաց, որ դատական նիստին չի ներկայացել ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը։
Դատավորն ասաց, որ նիստն ուշ սկսելու պատճառը ամբաստանյալի ներկայությունն ապահովելն էր։
«Դատարանը դեռևս ոչ գրավոր, սակայն բանավոր կարգով տեղեկացվել է, որ Իշխան Բարսեղյանը դիմում է հասցեագրել, որ ինքն առողջական խնդիրներ ունի և ի վիճակի չէ ներկայանալ դատական նիստին։ Միաժամանակ Դատապարտյալների հիվանդանոցից գրություն է ստացվել, որ Իշխան Բարսեղյանն ի վիճակի է ներկայանալ դատական նիստին։ Ամբաստանյալին բռնի ուժով դատական նիստին ներկայացնելուց մնում ենք ձեռնպահ»,-ասաց դատավորը։
Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը դատարանին հայտնեց, որ ոչ ոք իրավունք չունի անձի նկատմամբ բռնություն գործադրել. «Ի՞նչ է նշանակում՝ բռնի ուժով դատարան ներկայացնել։ Ոչ ոք իրավունք չունի անձին բռնի ուժով բերել դատարան»։
Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանն էլ ասաց, որ դատավորը հավանաբար նկատի ուներ ամբաստանյալին հարկադրաբար դատարան ներկայացնելը, սակայն այդ ամենը պարզ կլինի և նման որոշում կայացնելու անհրաժեշտություն կլինի Իշխան Բարսեղյանի և Դատապարտյալների հիվանդանոցից ուղարկված գրությունները ստանալուց և հետազոտելուց հետո միայն։
Դատական նիստն ընդմիջվեց մինչև փաստաթղթերը կբերվեն դատարան։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմերից մեկի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետով:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետով:










