«Ոչ թե չեմ ցանկանում ներկայանալ նիստին, այլ ի վիճակի չեմ». $1000 կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի գործով նիստը հետաձգվեց
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատավարությունը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ:
40 րոպե ուշացմամբ նիստը սկսելուց հետո դատավորը հայտնեց, որ դատարանը դեռևս ոչ գրավոր, սակայն բանավոր կարգով տեղեկացվել է, որ Իշխան Բարսեղյանը դիմում է հասցեագրել, որ ինքն առողջական խնդիրներ ունի և ի վիճակի չէ ներկայանալ դատական նիստին։
Նիստին ընդմիջվեց, մինչև քրեակատարողական հիմնարկից համապատասխան գրությունները բերվեցին դատարան: Ուղեկցող գումարտակի հրամանատար Մինասյանը հայտնեց, որ ինքը տեսել է Իշխան Բարսեղյանին, վերջինս հայտնել է, որ ի վիճակի չէ ներկայանալ դատական նիստին:
Դատավորն ընթերցեց Բարսեղյանի գրությունը, համաձայն որի՝ ինքը հունվարի 31-ից գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում և մի շարք առողջական խնդիրներ ունի. «Գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց: Այսօր ժամը 13:00-ի դրությամբ զարկերակային ճնշումս 180/110 էր: Ոչ թե ես չեմ ցանկանում ներկայանալ դատական նիստին, այլ ի վիճակի չեմ ներկայանալ»:
Դատավորի հարցին, թե Դատապարտյալների հիվանդանոցից այլ գրություն փոխանցվե՞լ է Բարսեղյանի առողջական վիճակի վերաբերյալ, որը տեղեկություն կտա նրա՝ ի վիճակի լինելու կամ չլինելու մասին, ուղեկցող գումարտակի հրամանատարը հայտնեց, որ այլ գրություն իրեն չի փոխանցվել:
Իշխան Բարսեղյանի պաշտպաններից Արա Ղազարյանն ասաց, որ Բարսեղյանի նամակն անկեղծ էր ու մանրամասն տեղեկություններ կար նրա առողջական վիճակի վերաբերյալ. «Հաշվի առնելով նաև նախկին դեպքերը, որ նրա ինքնազգացողությունը վատանում էր, ապա Բարսեղյանին չհավատալու հիմքեր չկան, ուստի միջնորդում եմ հետաձգել դատական նիստը»:
Ամբաստանյալ Էլզա Զաքարյանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Իշխան Բարսեղյանի առողջական վիճակի վերաբերյալ հստակ տեղեկություն չկա, հետևաբար հստակ չէ, թե ինչ է անհրաժեշտ նրան կամ որքան կհետաձգվեն նիստերը. «Ուստի եթե այսպես շարունակվի, ապա մենք կմիջնորդենք Էլզա Զաքարյանի մասով գործն առանձնացնել»:
Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանն ասաց, որ նախ ինսուլտի վերաբերյալ, ինչի մասին խոսում է Բարսեղյանը, բժշկի գրավոր տեղեկանք չկա։ Ինչ վերաբերում է նիստը հետաձգելուն, ապա դատախազն ասաց, որ քանի դեռ այն վերաբերում է մարդու առողջությանը, իսկ հակառակն ապացուցող փաստաթղթեր չկան, որ Բարսեղյանն ի վիճակի է եղել ներկայանալ դատական նիստին, սակայն չի ներկայացել, ապա ինքը չի առարկում, որ դատական նիստը հետաձգվի:
Դատական նիստը հետաձգվեց, իսկ դատավորն ասաց, որ մինչև մյուս դատական նիստը դատարանը կփորձի ստանալ հարցի պատասխանը, թե Իշխանյանն իրոք ի վիճակի չի եղել ներկայանալ դատական նիստին:
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վարդուհի Էլբակյանն ասաց, որ իր մոտ բժշկական տեղեկանք կա Իշխան Բարսեղյանի ընդհանուր առողջական վիճակի վերաբերյալ, որը հիմնված է հունվարի 19-ին տեղի ունեցած հետազոտությունների հիման վրա:
«Փաստաթուղթը ներկայացվել է դատարանին, սակայն դատարանն այն չի ընդունել, որովհետև եզրակացությունը ռուսերեն է: Հիմա այս փաստաթուղթը պետք է թարգմանեք հայերեն և ներկայացնենք դատարանին»,-ասաց Էլբակյանը՝ հավելելով, որ առողջական խնդիրները նախկինում տարած ինսուլտի հետևանքներն են:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմերից մեկի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետով:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետով:










