Կանադայի Սենատը հավանություն է տվել ազգային օրհներգը «գենդերային առումով չեզոք» դարձնելուն
Կանադայի Սենատը հաստատել է երկրի ազգային օրհներգում փոփոխություններ անելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է Huffington Post-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ օրհներգի տեքստի մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ օրինագիծը ներկայացրել էր խորհրդարանի անդամ Մորիլ Բելանժեն:
Ինչպես նշվում է երկրի խորհրդարանի վերին պալատի Twitter-յան էջում, «Օ՜, Կանադա» օրհներգում «որդիներ» բառը կփոխարինվի «մեզ» բառով:
«С-210 օրինագիծը գենդերային առումով չեզոք կդարձնի ազգային օրհներգի անգլերեն տարբերակն այն բանի շնորհիվ, որ օրհներգի մասին օրենքում փոփոխություններ կլինեն, և «որդիներ» (thy sons) բառը կփոխարինվի «մեզ» (of us) բառով», - ասվում է Կանադայի Սենատի հայտարարությունում:
Huffington Post-ը մանրամասնում է, որ փոփոխություններին դեմ են հանդես եկել Կանադայի Պահպանողական կուսակցության անդամները, սակայն լիբերալները մեծամասնություն են կազմում խորհրդարանի բոլոր պալատներում:










