Կարող եմ ձեռքս դնել Աստվածաշնչի վրա ու երդվել, որ նման բան չի եղել. Արշակ Ղազարյանը՝ Ա. Սարգսյանի ու Վ. Սարգսյանի միջև կոնֆլիկտի մասին

15:57 • 01.02.18

Կարող եմ ձեռքս դնել Աստվածաշնչի վրա ու երդվել, որ նման բան չի եղել: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀԿ-ի առաջադրած՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի  անվտանգության նախկին աշխատակից Արշակ Ղազարյանը «Amga.tv»-ի եթերում ՝ անդրադառնալով լուրերին, թե այն ժամանակ դեռևս պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ապտակել է այդ ժամանակ վարչապետ Արմեն Սարգսյանին:

Արշակ Ղազարյանը լրագրող Արթուր Սահակյանի՝ Amga.tv-ով հեռարձակվող «30 րոպե»  հեղինակային հաղորդման հյուրն է եղել, որտեղ էլ պատմել է, որ իր նախաձեռնությամբ է հաղորդմանը հյուրընկալվել և որոշել խոսել այդ մասին: Նա նշել է, որ Արմեն Սարգսյանի վարչապետ եղած ժամանակ ինքը և իր ընկեր Միշան եղել են նրա անվտանգության ավագ աշխատակիցները:

«Մենք սպասարկել են Արմեն Սարգսյանին, նրա հետ օրվա ընթացքում ամենաքիչը 13 ժամ ենք անցկացրել: Արմեն Սարգսյանը շատ ծանր աշխատանքային գրաֆիկ ուներ՝ առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 3-4-ն աշխատում էր: Ես քաղաքական գործիչ չեմ, զուտ հայ մարդ ու հայ տղա եմ, որն ուզում է իրականությունն ասել: Այնքան բաներ սկսեցին խոսել, շատ բաներ եմ լսել ու լսում եմ, բայց բանի տեղ չեմ դնում: Ես չէ, որ պետք է պաշտպանեմ Արմեն Սարգսյանին»,- ասել է նա:

Արշակ Ղազարյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանի հետ աշխատելով, ինքը միշտ ականատես է եղել, որ Վազգեն Սարգսյանն ու Արմեն Սարգսյանը միշտ ջերմ հարաբերություններ են ունեցել: Ղազարյանը համաձայնել է դիտարկմանը, որ ինքը նախարարի ու վարչապետի անձնական խոսակցություններին ներկա չի եղել, բայց վստահեցրել է, որ եթե նման  միջադեպ լիներ՝ ինքը հաստատ տեղյակ կլիներ: «Եթե նման դեպք եղած լիներ, բնական է, որ արձագանքը մենք կզգայինք, որովհետև աշխատում էինք այդ մարդու հետ, փորձում պաշտպանել ու նրա դեմքի միմիկաներից անգամ կարող էինք հասկանալ, թե ինչ է կատարվել կամ կատարվում»:

Անվտանգության նախկին աշխատակիցը խոսել է նաև Արմեն Սարգսյանի՝ պաշտոնից հեռանալու մասին և ցավով նշել, որ այդ ժամանակ նա առողջական խնդիրներ ուներ:

«Արմեն Սարգսյանն իրոք ուներ առողջական խնդիր՝ կոկորդի հետ կապված: Նա ինձ խնդրել էր, որ գիշերային հերթափոխի տղաներին ասեմ աշխատասենյակի պատուհանները բաց թողնեն, որպեսզի սենյակում միշտ խոնավություն լինի, կոկորդը չորանում էր: Դեղերը միշտ մեզ հետ բերում էինք, առանց դրանց նա չէր կարող: Ես Արմեն Սարգսյանին վերջին անգամ հանդիպել եմ 1999 թվականին, այդ ժամանակ նա պատմեց, որ չարորակ է, բայց փառք Աստծո, բուժվել է»,- եզրափակել է Արմեն Սարգսյանի անվտանգության նախին աշխատակիցը:

ՀեղինակԱնի Օհանյան