«Սպորտլոտո» ես խաղո՞ւմ իմ մարմնի վրա. հաշմանդամություն ունեցող անձինք բողոքում են. պրոթեզավորման իրավունքը փոխանցվել է այլ կազմակերպության (տեսանյութ)
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում արցախյան ազատամարտի տարիներին հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ, ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված ու հաշմանդամություն ստացած զինվորականներ, Գյումրիում երկրաշարժի հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիներ: Հաշմանդամություն ունեցող անձինք բողոքում են՝ պրոթեզավորման իրավունքը փոխանցվել է այլ կազմակերպության, որը շահել է հայտարարված մրցույթը, սակայն իրենց տարիներ շարունակ սպասարկել է գերմանական «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը: Այժմ մրցույթը հաղթել է «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ–ն:
Տավուշի մարզի սահմանապահ գյուղերից մեկի բնակիչը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոտքից հրազենային վիրավորում է ստացել պատերազմի տարիներին, և իրեն տարիներ շարունակ սպասարկել է գերմանական ընկերությունը, իսկ նոր ընկերությունը չինական է ու անորակ:
«Ասում են՝ մրցույթը շահել է, ի՞նչ մրցույթ, «սպորտլոտո» ես խաղո՞ւմ իմ մարմնի վրա: Հաշմանդամությանս կարգը փոխեցին, որ թոշակս կտրեն, երեխեքիս հացը կտրեցին, ո՞վ պիտի պատասխան տա սրա համար: Նախարարին մի անգամ դիմեցի, ինձ խաբեցին, կոշիկների հարցով եմ դիմել, ինչ ասես պատմեցին, թոշակս էլ արել ախպերափայ»,-ասաց Տավուշի մարզի բնակիչը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Դավիթ Գրիգորյանն էլ ասաց, որ ինքը խնդիրներ ունի և վտանգավոր է փոխել պրոթեզը:
Մեկ այլ կին էլ նշեց, որ մի ոտքը պրոթեզավորած է գերմանական ընկերությունում, հիմա իրեն ասում են՝ ընկերությունը փակվել է. «Այսինքն՝ մյուս ոտքս էլ պետք է պրոթեզավորեմ այլ ընկերությունում, այդպես ո՞նց կլինի, առողջություն է, չէ՞»:
Բողոքի ակցիա իրականացնողները նշում են, որ իրենց նույնիսկ տեղյակ չեն պահել, որ գերմանական ընկերությունը փակվել է: Նամակով դիմել են վարչապետին և խնդրում են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում, որպեսզի ստանան իրենց հարցերի պատասխանները:










