Նոր վարչապետի օրոք Կառավարության նիստերը դռնփակ կլինեն (տեսանյութ)
Արդարադատության նախարարն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ընդունված որոշման նախագծին, որով նաև նախատեսվում է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ:
Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր երկրում կառավարության նիստերն անցնում են դռնփակ: «Դռնփակ անցկացնելը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության անդամների առաջակներին»,-ասաց նա և ավելացրեց, որ պետք է որպես փաստ արձանագրել, որ ՀՀ-ն բացառություն է, որ կառավարության նիստերն անցնում են դռնբաց և մասնակցում են այդքան մարդիկ, որ կառավարության անդամներ չեն:
«Այդ երկուսը, իմ կարծիքով, բերում է բացասական հետևանքների: Իրական քննարկում տեղի չի ունենում, լինում է կա՛մ նիստից հետո, կա՛մ նիստից առաջ, ինչը նորմալ չէ»,-ասաց նա և նշեց, որ ուսումնասիրել են միջազգային փորձը և կառավարության նիստերն ամբողջովին հեռարձակող երկրներ պրակտիկորեն գոյություն չունեն:
«Սակայն դա չի նշանակում, որ կառավարության գործունեությունը չպետք է լինի թափանցիկ: Դա է պատճառը, որ օրենքում որպես վարչապետի պարտականություն ամրագրված է կառավարության գործունեության թափանցիկությունը, հասարակությանը հասանելիությունը ապահովելը»,-ասաց նա:










