«Կրեմլյան զեկույցի» վրա աշխատած փորձագետը հայտնել է, որ ցանկը վերջին պահին փոխել են
«Կրեմլյան զեկույցն» ԱՄՆ Կոնգրեսին հանձնելուց առաջ վերջին պահին փոխվել է ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի պահանջով: Այդ մասին իր բլոգում հայտնել է տնտեսագետ և Ատլանտյան խորհրդի փորձագետ Անդերս Օսլունդը, որը խորհրդատվություն է տրամադրել ԱՄՆ իշխանություններին ցանկը կազմելու ժամանակ: Այդ մասին նա գրել է Ատլանտյան խորհրդի կայքում:
«Վերջին պահին ինչ-որ բարձրաստիճան անձ, ոչ մեկ չգիտի՝ ով, մի կողմ է նետել փորձագետների աշխատանքը և ինքնուրույն զեկույցում ընդգրկել Ռուսաստանի նախագահի վարչակազմի և կառավարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև Forbes-ի ցանկից 96 ռուսաստանաբնակ միլիարդատերերի անունները»,- գրել է Օսլունդը:
Տնտեսագետը պնդում է, որ իր գործողություններով այդ մարդը փաստացիորեն ծաղրել է կառավարական փորձագետներին, որոնք կես տարի աշխատել են զեկույցի վրա:
Օսլունդի խոսքով՝ «կրեմլյան ցանկի» նպատակն է եղել նշել գործարարներին և օլիգարխներին, որոնք իրենց կարողությունը կուտակել են անօրինական կերպով՝ Կրեմլի օգնությամբ: Մինչդեռ Օսլունդը հրապարակված ցանկն անվանել է «կրեմլյան հեռախոսագրքույկ»:
Տնտեսագետի խոսքով՝ CAATSA օրենքի հեղինակները, որի պահանջով էլ պատրաստվել է զեկույցը, հույս ունեին պառակտել ռուսական էլիտան և առաջարկել նշանավոր ռուսներին Արևմուտքում ապահով ապրելու տարբերակը: Փորձագետը նշել է, որ Forbes-ի ցանկում շատ ռուսաստանաբնակ գործարարներ այլ երկրների քաղաքացիներ են և երկար տարիներ այլ երկրներում են ապրել: Դրա փոխարեն ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ցանկում ընդգրկել է մեծ քանակությամբ մարդկանց, որոնց նկատմամբ ոչ մի ապացույց չկա, որ նրանք ինչ-որ բան են խախտել: Արդյունքում՝ Օսլունդը նշել է, որ զեկույցից շահել է Վլադիմիր Պուտինը, և այն պառակտելու փոխարեն միայն ավելի կհամախմբի ռուսական էլիտան Պուտինի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում «կրեմլյան ցանկ», որում ընդգրկվել են 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): ԱՄՆ ֆինանսների նախարարության պատրաստած զեկույցում ներառվել են անձանց անուններ, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ:










