Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանում կմասնակցի tax free օպերատորի ստեղծմանը. РБК

10:56 • 01.02.18

Tax free համակարգի շվեյցարական «Global Blue» օպերատորը համատեղ ձեռնարկություն է ստեղծում ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ՝ Ռուսաստանում աշխատանքի համար, հայտնում է rbc.ru-ն:


«Պրեմիում դասի առևտրի կենտրոններում կգործարկվի առանց մաքսատուրքի առևտրի համակարգ, դրա աշխատանքի համար համագործակցության մեջ կներգրավվեն առաջատար բրենդները: Global Blue-ն խոստանում է, որ Ռուսաստանում կներդնի հարկային փոխհատուցման տրամադրման եռաստիճան մոդել. խանութում կտրամադրվի ստացականը և ԱԱՀ-ի վերադարձի համապատասխան փաստաթուղթը, մաքսային վերահսկողության կետում կդրվի հատուկ նշան, իսկ «հիմնական օդանավակայաններում» գրասենյակների միջոցով կիրականացվի գումարի վերադարձը»,- գրում է լրատվամիջոցը:


Լրատվամիջոցի համաձայն՝ Ռուբեն Վարդանյանի ներկայացուցիչը և Global Blue-ի ավագ փոխնախագահ Խորխե Կասալը հրաժարվել են հստակեցնել համատեղ ձեռնարկությունում գործընկերների բաժնեմասերը:


Ռուբեն Վարդանյանն իր ներկայացուցչի միջոցով հայտնել է, որ համագործակցությունը թույլ կտա այնպիսի առաջարկ անել զբոսաշրջիկներին, որը կարող է ազդել նրանց՝ Ռուսաստանը որպես շոփինգի համար ուղղություն ընտրելու վրա:


Ռուսաստանում tax free համակարգի ներդրման մասին Ֆինանսների նախարարության մշակած օրենքի նախագիծը ՌԴ պետդուման ընդունել է 2017 թվականի աշնանը: