ԱՄՆ-ն հրապարակել է ռուսական Սու-27-ի կողմից ամերիկյան հետախուզական ինքնաթիռ որսալու նոր կադրերը (տեսանյութեր)
ԱՄՆ ռազմածովային ուժերը հրապարակել է ռուսական Սու-27 ինքնաթիռի կողմից ամերիկյան նավատորմի EP-3 հետախուզական ինքնաթիռը որսալու նոր տեսանյութերը: Դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի հունվարի 29-ին Սև ծովում՝ Ռուսաստանի սահմանների մոտ:
Ինչպես նշված է հաղորդագրությունում, տեսանյութերում երևում է ռուսական Սու-27-ի տեղաշարժն ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3-ի մոտակայքում և տարբեր դիրքերով:
Նշվում է, որ ռուսական ինքնաթիռը կտրուկ շարժումներ է իրականացրել և մոտեցել ամերիկյան ինքնաթիռին մեծ արագությամբ:
ԱՄՆ ռազմածովային ուժերը ռուսական ինքնաթիռի գործողություններն անվանել է վտանգավոր և նշել, որ դա «աղետալի հետևանքների» վտանգ է ներկայացնում:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը մեղադրել է ռուսական կողմին միջազգային նորմերը խախտելու համար: ՌԴ պաշտպանության նախարարությունում հերքել են ամերիկյան կողմի պնդումներն առ այն, որ ռուսական ինքնաթիռը վտանգավոր է գործել, և հայտարարել են, որ այն ուղեկցել է հետախուզական ինքնաթիռն անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ և թույլ չի տվել խախտել երկրի օդային տարածքը:










