Բուդապեշտում տեղադրվել է հայ քանդակագործի հեղինակած՝ Հոլոքոստը վերապրած կոնգրեսականի արձանը (լուսանկարներ)
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղադրվել է ծագումով հունգարացի ամերիկացի կոնգրեսական Թոմ Լանթոսի բրոնզաձույլ հուշարձանը, որի հեղինակը Հունգարիայում բնակվող հայ քանդակագործ Մամիկոն Ենգիբարյանն է: Այս մասին հաղորդում է New York Times-ը:
Թոմ Լանթոսի հուշարձանը տեղադրվել է նրա անունը կրող զբոսայգում՝ Բուդապեշտի 13-րդ թաղամասում:
«Իմ աշխատանքով ցանկացել եմ ցույց տալ հիանալի, փայլուն մարդու, որը ոչ մի բանից չի վախեցել ու մինչև վերջ պայքարել է արդարության ու հումանիզմի համար», - ասել է Ենգիբարյանը:
Նշենք, որ Հոլոքոստը վերապրած, հունգարա-հրեական ծագմամբ Թոմ Լանթոսը 1981 թվականից մինչև կյանքի վերջ՝ 2008 թվականը, աշխատել է ԱՄՆ Կոնգրեսում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա եղել է դիմադրության շարժման անդամ և համակենտրոնացման ճամբարի գերի: Լանթոսին ազատել է խորհրդային բանակը, իսկ պատերազմից հետո նա արտագաղթել է ԱՄՆ:
Մամիկոն Ենգիբարյանը Հունգարիայի ամենահայտնի քանդակագործներից է. նա արժանացել է բազմաթիվ միջազգային պարգևների ու մասնակցել միջազգային ցուցահանդեսների: Նրա աշխատանքները գտնվում են Հունգարիայի թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:
Կոնգրեսականի դուստրը՝ Կատրինա Լանթոս Սուեթը, հոր հուշարձանի մոտ















