Գիլյերմո դել Տորոն արժանացել է ԱՄՆ-ի Կինոռեժիսորների գիլդիայի մրցանակին

17:24 • 04.02.18

Մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմն արժանացել է ԱՄՆ-ի Կինոռեժիսորների գիլդիայի մրցանակին: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 3-ի լույս չորսի գիշերը՝ Կալիֆորնիա նահանգի Բևեռլի Հիլզ քաղաքում:

Los Angeles Times-ի հաղորդմամբ՝ դել Տորոն առաջին անգամ է առաջադրվել Կինոռեժիսորների գիլդիայի մրցանակին: Նրան հաջողվել է առաջ անցնել այնպիսի ռեժիսորներից, ինչպիսիք են Քրիստոֆեր Նոլանը, Գրետա Գերվիգը և Ջորդան Փիլը:

Նշենք, որ «Ջրի ձևը» ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1963 թվականին: Գլխավոր հերոսուհին՝ համր հավաքարարուհին, սիրահարվում է երկկենցաղ մարդու, որը պահվում է գիտական լաբորատորիայում:

Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում կայացած ԱՄՆ-ի ամենահայտնի կինոմրցանակաբաշխություններից մեկի՝ Critics' Choice Awards-ի («Քննադատների ընտրության կինոմրցանակ») ժամանակ, «Ջրի ձևը» ֆիլմը ռեկորդ է սահմանել ստացած մրցանակների առումով:

4 մրցանակի արժանացած կինոնկարը ճանաչվել է լավագույն ֆիլմ, մինչդեռ Դել Տորոն հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Հիշեցնենք, որ «Ջրի ձևը» ֆիլմն արժանացել էր նաև Վենետիկի 74-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին։

Գիլյերմո դել Տորոն արժանացել է ԱՄՆ-ի Կինոռեժիսորների գիլդիայի մրցանակին