Ումա Թուրմանը հազիվ է փրկվել մահից «Սպանել Բիլին» ֆիլմի նկարահանումների ժամանակ (տեսանյութ)

19:32 • 04.02.18

Դերասանուհի Ումա Թուրմանը կարող էր մահանալ «Սպանել Բիլին» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, բարեբախտաբար ողբերգության չվերածված միջադեպը տեղի է ունեցել կաբրիոլետով ընթանալու տեսարանի նկարահանման ժամանակ: Սցենարի համաձայն՝ Թուրմանի հերոսուհին պետք է մեծ արագությամբ սլանար բաց տանիքով մեքենայով, սակայն մեքենան անսարք է եղել, և դերասանուհին հրաժարվել էր նստել ղեկին:

Մինչդեռ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն պնդել է, որ նա վարի մեքենան: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես կանխազգում էր Թուրմանը. նա չի կարողացել կառավարել մեքենան վթարվել է: Դերասանուհու խոսքով՝ միայն հրաշքն է օգնել իրեն չմահանալ:

Ինչպես նշվում է, միջադեպից հետո Տարանտինոյի և Թուրմանի նախկին մտերիմ հարաբերություններն այլևս չվերականգնվեցին: Ուման դիմել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի ընկերությանը՝ խնդրելով իրեն տալ վթարի դուբլի տեսանյութը: Ընկերությունը նրան մերժել է:

Միայն այժմ, երբ Տարանտինոյի ընկերը հանդիսացող Հարվի Վայնշտեյնին հեռացրել են իր իսկ ընկերությունից, կինոկոնցեռնի ղեկավարությունը որոշում է կայացրել Թուրմանին տրամադրել տեսագրությունը:

 

Ումա Թուրմանը հազիվ է փրկվել մահից «Սպանել Բիլին» ֆիլմի նկարահանումների ժամանակ (տեսանյութ)