«Բոլորն էլ հայերից են սովորել այս արհեստը». Թուրքիայում երկաթագործության հայկական ավանդույթներն ապրեցնող վերջին սերունդը. թուրքական կայքի անդրադարձը

17:37 • 05.02.18

Թուրքական guneydoguguncel.com կայքն անդրադարձել է Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում տարածքի հին արհեստներից երկաթագործության ավանդույթների վերջին կրողներին ու նրանց հռչակավոր ուսուցիչներին, որոնք բոլորն էլ, ինչպես պարզվել է, հայ են եղել:

«Դիարբեքիրում ապրող և այս տարածքում արհեստագործության հայրերը համարվող հայերի թիվը թեև այստեղ օր օրի նվազում է՝ նրանց աշակերտները, որոնք շարունակում են արհեստագործական հայկական ավանդույթները, հանդիսանում են երկաթագործության արհեստի վերջին ներկայացուցիչներն այստեղ», - գրում է հեղինակը՝ շեշտելով, որ հայ վարպետների քուրդ աշակերտները նույնպես հույս չունեն, թե արհեստը երկար կյանք կունենա այստեղ:


Որպես դրա հիմնական պատճառ նշում են Թուրքիայում չդադարող ակտիվ ուրբանիզացիոն գործընթացն ու կյանքի «ավտոմատացումը»:

Դիարբեքիրում որպես «Երկաթագործների շուկա» հայտնի տարածքում աշխատող նշանավոր երկաթագործ Թարըք Սևիմն այսպես է պատմում իր՝ այս արհեստը սովորելու պատմությունը։


«Ես այս արհեստը սովորել եմ մեծ եղբորիցս, եղբայրս էլ Խեչո վարպետից, նա հայ է և արվեստի հայտնի գործիչ Բեդրի Այսելիի քեռին: Խեչո ուստան արտագաղթեց Եվրոպա, այնտեղ էլ մահացավ, այս շուկայում ով կա՝ բոլորը հայերից են սովորել այս արհեստը», - ասել է Սևիմը, որը համոզված է, որ իրենցից հետո այս արհեստը շարունակողներ այլևս չեն լինի, քանի որ ներկայում երիտասարդները չեն հետաքրքրվում այս ամենով:

  

«Բոլորն էլ հայերից են սովորել այս արհեստը». Թուրքիայում երկաթագործության հայկական ավանդույթներն ապրեցնող վերջին սերունդը. թուրքական կայքի անդրադարձը