Ոստիկանությունից այցելում են ակտիվիստներին և խնդրում չմասնակցել այսօրվա հանրահավաք-երթին. Ն.Փաշինյան

17:02 • 05.02.18

Ոստիկանությունից այցելում են ակտիվիստներին եւ խնդրում չմասնակցել այսօրվա հանրահավաք-երթին, այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:  

Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Ոստիկանությունից այցելում են ակտիվիստներին և խնդրում չմասնակցել այսօրվա հանրահավաք-երթին: Ասեցի՝ խնդրանքն այստեղ հրապարակեմ, որ ոստիկանները շատ նեղություն չքաշեն։

Եւ ուրեմն՝ ոստիկանությունը խնդրում է չմասնակցել այսօր ժամը 18․00-ին, Կինոմոսկվայի մոտ տեղի ունենալիք հանրահավաք-երթին, որի մասին իրազեկումը ի գիտություն է ընդունվել Երեւանի քաղաքապետի կողմից։

Օգնենք ոստիկաններին, տարածենք խնդրանքը, խնայենք պետության թանկացած բենզինի գումարը։))))»,-գրել է Փաշինյանը:

Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ ևս նշում է, որ հանրապետության տարբեր հատվածներում ոստիկաններ են այցելում ակտիվիստների խմբերին, որ այսօր ժամը 18:00 –ին Կինո Մոսկվայի երթ հանրահավաքին չմասնակցեն:

«Որևէ կոպիտ վերաբերմունք տեղի չի ունենում, որևէ սպառնալիք չի հնչեցվում, ուղղակի մարդկայնորեն, ընկերաբար խնդրում են այդ ակցիաներին ընդհանրապես չմասնակցել: Սա հարց պետք է առաջ  բերի՝ ինչու են ոստիկանները ընդհանրապես այդպես վարվում . ինչո՞ւ են փորձում քաղաքացիներին համոզել, որ չգան կինո Մոսկվայի մոտ՝ շատ պարզ պատճառով, իշխանություններին անհրաժեշտ է ցույց տալ, որ ՀՀ քաղաքացիները որևէ պրոբլեմ չունեն թանկացումների հետ, նրանք ըմբռնումով են մոտենում թանկացումներին և հասկանում են, որ հայրենի իշխանությունները ամեն ինչ անում են, որ թանկացումները տեղի չունենան, բայց ինչ-որ մութ ուժեր, այնուամենայնիվ, բերում են նրան, որ թանկացումներ տեղի ունենան: Սա ուղղակի աբսուրդ է , որովհետև ակնհայտ է, որ թանկացումները հետևանքն են ապաշնորհ քաղաքականության, ապաշնորհ հարկային և տնտեսական քաղաքականության»,-ասում է Նիկոլ Փաշինյանը տեսանյութում:

Նա նաև կոչ է անում քաղաքացիներին միանալ այսօրվա երթին, որի ընթացքում ժամանակացույց են առաջարկելու՝ ինչպես են պատրաստվում կասեցնել թանկացումները և երթը եզրափակելու են պայմանավորվածությամբ կոնկրետ անելիքների վերաբերյալ: