Ումա Թուրմանը պատմել է 16 տարեկանում բռնաբարվելու մասին
Հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանը պատմել է 16 տարեկանում տեղի ունեցած բռնաբարության մասին՝ մանրամասնելով, որ այդ ժամանակ նա ապրում էր Նյու Յորքում ու նոր էր սկսել իր կարիերան:
The New York Times-ի փոխանցմամբ՝ դեռահաս Թուրմանն ակումբում ծանոթացել է իրենից մոտ 20 տարով մեծ դերասանի հետ, որի հետ գիշերը լքել է ակումբն ու նրա տուն գնացել: Ավելի ուշ դերասանը նրան բռնաբարել է:
«Ես փորձում էի «ոչ» ասել, լացում էի, հնարավոր ամեն բան անում էի, բայց նա ինձ ասաց, որ դուռը փակ է, և ես չեմ կարող փախչել: Երբ տուն եկա, կանգնեցի հայելու առաջ ու նայեցի ձեռքերիս: Այնքան կատաղած էի, որ դրանք արյունոտ չէին»,-վերհիշել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրմանն անդրադարձել է ամերիկյան կինոարդյունաբերության երբեմնի ամենաազդեցիկ պրոդյուսերին՝ սեքս սկանդալի կիզակետում հայտնված Հարվի Վայնշտեյնին՝ անկեղծորեն պատմելով թեմայի վերաբերյալ իր պատմությունը:
«Սպանել Բիլին» ֆիլմի հերոսուհու խոսքով՝ Վայնշտեյնը 1990-ական թվականների կեսերին Լոնդոնի Savoy հյուրանոցի համարներից մեկում իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել, սակայն բռնաբարության դեպք տեղի չի ունեցել:
«Նա իրեն այնքան տհաճ էր պահում: Իսկ ես կենդանու՝ մողեսի պես փորձում էի սողալով ազատվել»,- վերհիշել է աստղային շիկահերը:
Թուրմանի պնդմամբ՝ տհաճ միջադեպին նախորդել էր ևս մեկը՝ այս անգամ Փարիզի հյուրանոցներից մեկում: Վայնշտեյնը նրա հետ հանդիպմանը ներկայացել է լոգանքի խալաթով ու կրկին անպատշաճ վարք դրսևորել:
Դերասանուհին պատմել է, որ Savoy-ում կատարվածից հետո կռվել է պրոդյուսերի հետ ու սպառնացել կործանել նրա կարիերան: Սակայն դրան ի պատասխան Վայնշտեյնն ասել է, որ ինքն ավելի շուտ կկործանի Թուրմանի կարիերան:
Հիշեցնենք, որ 2017-ի վերջին ամերիկյան կինոարդյունաբերության մի քանի տասնյակ ներկայացուցիչ Վայնշտեյնին մեղադրել է բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար:










