Մասիսի հիվանդանոցի տնօրենը մանրամասներ է հայտնել թեյի գույնը մեզի անալիզի փոխարեն հանձնելու դեպքի վերաբերյալ, 8 անձ ազատման դիմում է ներկայացրել

16:21 • 06.02.18

Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Նունե Ավանեսյանը ասել է, որ դա արել է աշխատողներին ստուգելու համար, ինչի դրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքներ:

«Իմ արյունը հանձնել եմ մի քանի մարդկանց արյան փոխարեն, ստացել եմ տարբեր պատասխաններ: Թեյի գույնը մեզի անալիզի փոխարեն եմ հանձնել, ստացել եմ մեզի պատասխան, որում բոլոր կոմպոնենտները՝ լեյկոցիտները, էրիթրոցիտները և էպիթելերը հաշված գրել էին: Դրանք պրակտիկորեն չեն կարող թեյի գույնի մեջ լինել»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ տվել են մոտավորապես պիելոնեֆրիտով հիվանդ մարդու հետազոտությունների արդյունք:

Նրա խոսքով՝ աշխատողները մինչ այդ էլ բազմիցիս զգուշացում են ստացել: Լաբորատորիայում աշխատում էր 15 բուժաշխատող, ազատման դիմում է ներկայացրել 8-ը: Նրանք եղել են երկար տարիների աշխատողներ:

«Բռնի ուժով ոչ մեկի չենք ստիպել ազատման դիմում գրել: Նրանք աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածով ծանուցում են ստացել, և կպատժվեն օրենքի սահմաններում»,-նշել է տնօրենը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից՝ մարզպետարանը ուսումնասիրում է դեպքը: Երբ արդյունքները պարզ լինեն, կկազմակերպեն ասուլիս: Սովորաբար այդպիսի դեպքերում մարզպետարանն ուսումնասիրում է, պարզում խախտումները և պատժում մեղավորներին ըստ սահմանված կարգի: