Տարանտինոն խոստովանել է, որ տեղյակ է եղել Ումա Թուրմանի նկատմամբ Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին

16:37 • 06.02.18

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն խոստովանել է, որ ինքը տեղյակ է եղել դերասանուհի Ումա Թուրմանի նկատմամբ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին: Vulture պորտալը ներկայացրել է Տարանտինոյի տրամադրած մանրամասները միջադեպի մասին:

Տարանտինոյի խոսքով՝ Թուրմանը բողոքել է իրեն Վայնշտեյնի գործողություններից, և ինքն անմիջապես պահանջել է պրոդյուսերից ներողություն խնդրել դերասանուհուց:

«Երբ նա փորձեց փրկել իրավիճակը՝ պատմելով, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել, ես չհավատացի նրան: Ասացի, որ չեմ հավատում նրան ու հավատում եմ Թուրմանին, ու եթե նա ցանկանում է նկարահանել «Սպանել Բիլին»  ֆիլմը, ապա պետք է կանոններով խաղա», - պատմել է ռեժիսորը:

Տարանտինոն նաև հաստատել է լրատվամիջոցների տեղեկություններն առ այն, որ «Սպանել Բիլին» ֆիլմի նկարահանումների ժամանակ Թուրմանի թույլտվությամբ ինքը թքել է դերասանուհու վրա և խեղդել նրան շղթայով՝ կարևոր դրվագներ նկարահանելու համար:

Հիշեցնենք, որ օրերս Ումա Թուրմանն անդրադարձել է ամերիկյան կինոարդյունաբերության երբեմնի ամենաազդեցիկ պրոդյուսերին՝ սեքս սկանդալի կիզակետում հայտնված Հարվի Վայնշտեյնին՝ անկեղծորեն պատմելով թեմայի վերաբերյալ իր պատմությունը:  

Տարանտինոն խոստովանել է, որ տեղյակ է եղել Ումա Թուրմանի նկատմամբ Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին